Բելգորոդում պլաստիկ վիրահատությունից հայուհի է մահացել. լուսանկարներ
Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի մանկական հիվանդանոցում անօրինական պլաստիկ վիրահատության ժամանակ մահացել է 24-ամյա Մանե Մարտիրոսյանը։ Ինչպես հաղորդում է life.ru կայքը, բժիշկները չեն կարողացել փրկել Մանեի կյանքը, երբ վերջինս վատ է զգացել իրեն թքի պլաստիկ վիրահատության ժամանակ։
Մանեի մայրը՝ Սուսաննա Մալխասյանը, գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ փորձել է հետ պահել աղջկան Բելգորոդում վիրահատվելու մտադրությունից, քանի որ այստեղ պլաստիկ վիրաբույժներ չկան։ «Նույնիսկ զանգահարել եմ Հայաստան, պայմանավորվել այնտեղի պլաստիկ վիրաբույժի հետ: Սակայն նա ցանկանում էր վիրահատությունը անել մինչև Նոր տարին և ասում էր, որ արդեն լավ բժիշկ է գտել Բելգորոդում»,-ասել է աղջկա մայրը։
Մանեի քույրն իր հերթին նշել է, որ նա բժշկին գտել է համացանցի միջոցով։ Աղջկա ծնողները դիմել են իրավապահ մարմիններին՝ պարզելու համար, թե որն է աղջկա մահվան պատճառը։
«Վիրահատությունից հետո բժիշկն ինձ ասաց, որ նրա ճնշումն ընկել է, իսկ սրտխփոցը շատ թույլ է։ Որոշ ժամանակ հետո ինձ հաղորդեցին, որ նա չի շնչում։ Չգիտեմ՝ այդ շենքում վերակենդանացման բաժին կա, թե ոչ, բայց աղջկաս այլ մասնաշենք տեղափոխեցին»,-հիշում է Մանեի մայրը։
ՌԴ Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել այս գործով։
