Գյուլնազ տատի հեքիաթներն են, թե՞ լոլոներ. դեռ կերևա
«Եթե իշխանության խոսքերը Գյուլնազ տատի հեքիաթների շարքից չեն, այլ իրականության հետ 0,0001 տոկոս առնչություն ունեն ապա Զարուհի Փոստանջյանին իրենք կընտրեն մարդու իրավունքների պաշտպան»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացված թեկնածուներին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Մարտիրոսյանը ընդգծեց, որ ներկայացված մյուս թեկնածուների համեմատ Զարուհի Փոստանջյանն է, որ զբաղվել է իրավապաշտպան գործնեությամբ: Անդրադառնալով ԲՀԿ կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե Զարուհի Փոստանջյանը ունի կոնկրետ հայացքներ և չի կարող օբյեկտիվ լինել, Արմեն Մարտիրոսյանը նկատեց.«Զարուհի Փոստանջյանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ամենաօբյեկտիվը կարող է լինել, որովհետև իր գործնեությունը ամբողջությամբ դրան է նվիրված: Կուսակցական կողմնորոշման խնդիր չունի բացարձակ: Ամենաազատ կուսակցական կարգապահությամբ է աչքի ընկնում և հասարակության կողմից ճանաչված ու վստահելի մարդ է: Հենց այս հատկանիշներով պետք է օժտված լինի Մարդու իրավունքների պաշտպանը»: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը ընդգծում է, որ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի թեկնածուները զուրկ են ՄԻՊ պաշտոնին հավակնելու հատկանիշներից: «ՀՀԿ թեկնածուն փոխնախարար է և զբաղվել է կառավարման համակարգով: Շատերը նրան չեն ճանաչում, իսկ Զարուհի Փոստանջյանի գործնեությունը բոլորին է հայտնի և ակնհայտ է, որ այդ պաշտոնում ամենահամապատասխանը Զարուհի Փոստանջյանն է»,-նշեց քաղաքական գործիչը: Մարտիրոսյանը հավաստում է, որ շատ պաշտոններ Հայաստանում նշանակվում են Կրեմլի անմիջական միջամտությամբ, բայց ՄԻՊ պաշտոնը բացառություն է: «Մարդու իրավունքների պաշտպանինը մի փոքր այլ է, քանի որ նա հիմնականում եվրոպական գործընկերների հետ է աշխատում և որոշակիորեն պետք է ընդունելի լինի եվրոպական կառույցների համար»,-նշեց Մարտիրոսյանը և հավելեց, որ եթե Փոստանջյանին չընտրեն`իրենց ասածը կընկալվի որպես հերթական լոլոներ: Հարցին, թե ինչո՞ւ չշփվեց Արման Թաթոյանը լրագրողների հետ` Մարտիրոսյանը պատասխանեց.«Օրենքում գրված չէ, որ նա շփվի լրագրողների հետ կամ լրագրողների հարցերին պատասխանի, բայց օրենքում գրված է, որ նա պետք է մարդու իրավունքների ոլորտում աշխատանք կատարած լինի: Արդարադատության նախարարությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտ չէ, այլ ինչպես ասել է Զարուհին` իշխանության պաշտպանության ոլորտ է: Նշեմ նաև, որ ինքը պարտադիր պետք է հասարակության կողմից ճանաչված լինի: Ես հղում եմ անում օրենքի տառին: Իսկ լրագրողների հետ զրույցի մասով ասեմ, որ մարդ է գուցե դեռ չի տիրապետում լրագրողների հետ շփման մեթոդոլոգիային»: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել: Այս պահին այդ պաշտոնի համար առաջադրվել են երեք թեկնածուներ: Լուսինե Ղազարյան
