Հակառակորդի կրակոցից Բաղանիսը չի տուժել
Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը երեկ մեզ հետ զրույցում նշեց , որ կրակահերթը եղել է մեկ անգամ, ո՛չ նյութական, ո՛չ էլ մարդկային կորուստ գյուղը չի ունեցել: Երեկ երեկոյան, ժամը 19:15-ի սահմաններում, հակառակորդը մեկ անգամ կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ: «19.15-ի կողմերը մի կարճ կրակահերթ է եղել գյուղի ուղղությամբ, վնասներ չունենք, ոչ մեկին չի կպել, փառք աստծո ամեն ինչ նորմալ է»,-ասաց նա։ Նարեկ Սահակյանը տեղեկացրեց, որ այսօր Բաղանիսից երեք նորակոչիկի ճանապարհում են բանակ: «Ամեն ինչ լավ է, ճանապարհը չի փակվել, դասապրոցեսը չի խաթարվել, արևոտ, տաք եղանակ է»,- հավելեց նա: Գյուղապետը վստահեցրեց, որ մեկ կրակահերթով այն ավարտվել է, տպավորություն է, որ ուզում են «վախեցնեն»․ «Բայց նորմալ է ամեն ինչ, էս պահին գյուղամեջում եմ»,-ասաց մեր զրուցակիցը: Նրա խոսքով՝ կրակոցները վերջին շրջանում չեն ինտենսիվացել՝ այնքան են, որքան միշտ:
