«Ի՞նչ եք խառնվել իրար, էս գործը հանգիստ ա սիրում»․ Վարդան Ղուկասյանը՝ ՀՀԿ-ից դուրս գալու մասին
Գյումրիի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը «Ծառուկյան» դաշինքում իրեն դեռ չի տեսնում։ Hayeli.am-ի հարցին՝ հնարավո՞ր է Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ին անդամակցությունից հետո ինքը եւս դադարեցնի ՀՀԿ-ին անդամակցությունը, Ղուկասյանն ասաց․ «Տո, աղջիկ ջան, ի՞նչ եք խառնվել իրար, որ պետք եղնի, կասենք էլի ձեզ, հանգիստ եղեք, էս գործը հանգիստ ա սիրում»։ Ճշտող հարցին՝ ինչի՞ հետ եք կապում Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալը, Վարդան Ղուկասյանն ասաց․ «Ուրեմն մի բան գիտի, էդպես է նպատակահարմար գտել, իրան հարցրեք, ես ի՞նչ կարող եմ ասել»։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք նախկին վարչապետին տեսնո՞ւմ է ընդդիմության դաշտում, Ղուկասյանն ասաց, Աբրահամյանը կասի, թե որտեղ եւ ինչպես է լինելու իր հետագա գործունեությունը։ Հիշեցնենք, որ քիչ առաջ Հովիկ Աբրահամյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ դադարեցնում է ՀՀԿ-ին անդամակցությունը, նաև հավելում, որ զբաղվելու է ակտիվ քաղաքականությամբ։ Սեդա Ղուկասյան
