Վկան վախենում է Մուշեղից.նոր մանրամասներ էքստրասենսի սպանությունից
«Ոչ մի կերպ չի հաստատվում փաստը, որ Մուշեղը կպել է Անիին»,-Հայելի.am-ի հետ զրույցում նշեց էքստրասենս Անի Մաջնունյանի գործով կալանավորված Մուշեղ Մխիթարյանի պաշտպան` Մարմինե Ֆարմանյանը: Փաստաբանը նշեց, որ դատարանը հունվարի 29-ին երկու ամսով երկարացրել է Մուշեղի կալանքը: Դատարանը այդ որոշման հիմքում դրել է այն, որ Մուշեղի դեմ վկան ցուցմունք է տվել, նա ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի ընթացքին: «Աննան գրել է՝ տեսել եմ, որ Մուշեղը կատարել է սպանությունը»,- տեղեկացրեց պաշտպանը հավելելով, որ վկան նշել է, որ վախենում է Մուշեղից: Հարցին, թե Մուշեղը արդյոք կրկին պատրաստ կլինի դիմել հացադուլի, քանի որ նա 30 օրից ավել եղել է հացադուլի մեջ և ինչ հոգեկան վիճակում է պաշտպանը արձագանքեց. « Դատակենսաբանական փորձաքննությունը ստացվել է, սակայն հոգեբանական-հոգեբուժական համալիր փորձաքննության արդյունքները չկան: Սպասում եմ այդ արդյունքներին: Մուշեղը հիմա ավելի հանգիստ է: Սա չի նշանակում, որ նա ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը: Պարզապես նա սկսել է հարմարվել բանտային պայմաններին: Կարծում եմ կտրուկ քայլերի չի դիմի»,-հավաստեց Մարինե Ֆարմանյանը: Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է: Աստղիկ Ավագյան
