«Մեծ կորուստ». ՀՀ-ում չկա մեկը, որ Հովիկ Աբրահամյանից լավ տիրապետի ընտրակեղծարարության մեխանիզմին
«Առավոտ» թերթը գրում է. «Միայն այն, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ում չի լինի, դա մեծ հարված է Սերժ Սարգսյանի և իշխանության համար»,-մեզ հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Հովիկ Աբրահամյանն այն անձն է, որ բոլոր համապետական ընտրություններին շտաբի պետ է եղել, և որևէ մեկը չկա Հայաստանում, որ իրենից լավ տիրապետի ընտրակեղծարարության մեխանիզմին, թե որ տեղով ով պետք է աշխատի, ինչ թիմերով։ Ակնհայտ է, որ դա կորուստ է իշխանության համար։ Այնպես չէ, որ ինքը միակն է, և իշխանությունն առանց Հովիկ Աբրահամյանի միայն արդար, ազատ և թափանցիկ ընտրություն է անցկացնելու, բայց իր վարպետությունը, համոզված եմ, որևէ մեկը չի ունեցել»,-ասաց նա: Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ պարզ է, որ Հովիկ Աբրահամյանը ընդդիմություն չէ, բայց նաև ակնհայտ է, որ իշխանություն էլ չէ, ոչ իշխանական է։ Բայց մի հարցում Արմեն Մարտիրոսյանը խիստ դժվարանում է պատասխանել՝ ով է լինելու Հովիկ Աբրահամյանի ընտրողը. «Որ գտնեք՝ ինձ էլ ասեք։ Չեմ պատկերացնում՝ ով կգնա նրա հետևից։ Նախկին պաշտոնյաներ կան, որոնց պարագայում կարող ես ասել, թե ով կգնա իր հետևից, իսկ Հովիկ Աբրահամյանի պարագայում դժվարանում եմ ասել»։
