Գագիկ Սուրենյանը ցրտաշունչ փետրվար է կանխատեսում
«Այս տարվա ցուրտը սարսափելի էր թվում, որովհետև կան երկու գործոններ: Կա ջերմաստիճան և զգացողական ջերմաստիճան: Զգացողական ջերմաստիճանը կախված է օդի խոնավությունից, բարձր օդի խոնավություն դեպքում ջերմաստիճանը 5-6 աստիճանով ավելի ցուրտ է ընկալվում, քան փաստացի ջերմաստիճանը:-12-ը կարող է ընկալվել մինչև -18 աստիճան: Երկրորդ գործոնն էլ արևի լույսի բացակայությունն է»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Գ. Սուրենյանը նշեց, որ Միջերկրական ծովի կողմից գալիս են հզոր ցիկլոններ, ուժեղ տաք հոսքի ներհոսք է դիտարկվում. «Այսօր առավոտյան արդեն զգացվում է ցիկլոնի ազդեցությունը, ջերմաստիճանի բարձրացում կա, որը դեռ Արարատյան դաշտ չի հասել: Երեկվա հետ համամատած օդի ջերմաստիճանը շատ շրջաններում 10-15 աստիճանով բարձրացել է, ուժեղ տաք օդի ներհոսք է գալիս դեպի հանրապետություն: Որոշ հատվածներում նույնիսկ դրական ջերմաստիճան է գրանցվել գիշերվա ընթացքում :Այսօր և վաղը գտնվելու ենք ցիկլոնի ազդեցության ծայրամասերում, ինչով պայմանավորված տեղումների ինտենսիվությունը կլինի թույլ»: Նա նաև նշեց, որ հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը մոտենում է ցիկլնոի կենտրոնը: Հունվարի 27-ին, 28-ին գտնվելու են ցիկլոնի ազդեցության գոտում, բոլոր շրջաններում համատարած կտեղա ձյուն, լեռնային շրջաններում կլինի բուք, ցածր հորիզոնական տեսանելություն, ճանապարհներին մերկասառույց կլինի.« Փետրվարի համար ջերմաստիճանի կտրուկ բարձրացումներ պետք չէ ակնակալել: Պարզեցումից հետո օդի ջերմաստիճանը կնվազի, չի բացառվում, որ կրկին կլինեն սառնամանիքներ»:
