Պարույր Հայրիկյանի արձագանքը՝ «ամբարտավան» Անդրեասյանի հայտարարություններին
Այսօր «Սպուտնիկ Արմենիա» ակումբում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին լրագրողները հարց ուղղեցին, որ Սեյրան Օհանյան, Վիկտոր Դալլաքյան, Վարդան Օսկանյան և Արամ Սարգսյան դաշինքին միանալու իր հայտարարությունից հետո բազմաթիվ քննադատություններ եղան հենց «Համախմբում» կուսակցության ներսից: Կարեն Անդրեասյանը հայտարարություն տարածել, թե իր համար անընդունելի է, որ դաշինքը գլխավորի Սեյրան Օհանյանը, նաեւ ասել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչպես է, որ խիստ ռուսական կողմնորոշում ունեցող գործիչը՝ Արամ Սարգսյանը համագործակցում է Պարույր Հայրիկյանի հետ: Ի պատասխան՝ Հայրիկյանն ասաց. «Կարեն Անդրեասյանի հայտարարությունների համար որևէ պատասխան պետք է տա Վարդան Օսկանյանը, եթե նա այդ կուսակցության անդամ է: Ես նրան խիստ գնահատական չեմ տվել, ընդամենն ասել եմ՝ երիտասարդ, իսկ ինքն իսկապես երիտասարդ է: Երիտասարդ լինելը վատ բան չէ, բայց եթե երիտասարդն ամբարտավան է, դա լավ չէ: Նույնիսկ այն, ինչ աշխարհին է հայտնի, նա ասում էր՝ իսկ Հայրիկյանն ինչո՞վ է անկախության գործին նվիրված եղել: Այդ առումով եմ իրեն ասել՝ ամբարտավան: Գուցե այդ հայտարարությունն անելիս՝ նա չի համաձայնեցրել իր ղեկավարի հետ, որովհետև նման հարցերը պետք է կազմակերպության ներսում քննարկվեն: Ես իր դիտարկումներով չեմ զբաղվի, թող Օսկանյանը զբաղվի այդ հարցով»:
