Ուժեղ տաք օդի ներհոսք է գալիս դեպի հանրապետություն. Սուրենյան
Հայաստանի հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր տեղեկացրեց, որ հունվարի 1-ից մինչ օրս ամենացածր ջերմաստիճանը, որը գրանցվել է Երևանում և Արարատյան դաշտում, եղել է -18 աստիճան, այն էլ ընդամենը մեկ օր, իսկ մնացած օրերին գիշերային ժամերին տատանվել է -12-13-ի սահմաններում։ Սուրենյանը նշեց, որ Միջերկրական ծովի կողմից գալիս են հզոր ցիկլոններ, ուժեղ տաք հոսքի ներհոսք է դիտարկվում. «Այսօր առավոտյան արդեն զգացվում է ցիկլոնի ազդեցությունը, ջերմաստիճանի բարձրացում կա, որը դեռ Արարատյան դաշտ չի հասել: Ուժեղ տաք օդի ներհոսք է գալիս դեպի հանրապետություն: Որոշ հատվածներում նույնիսկ դրական ջերմաստիճան է գրանցվել գիշերվա ընթացքում: Այսօր կեսօրից հետո արդեն կզգացվի հզոր ցիկլոնի ազդեցությունը: Այսօր և վաղը գտնվելու ենք ցիկլոնի ազդեցության ծայրամասերում, ինչով պայմանավորված տեղումների ինտենսիվությունը կլինի թույլ»:
