Այս տարի այն հազվագույտ տարիներից է. Գագիկ Սուրենյան
«Այս տարի այն հազվագույտ տարիներից է, որ մառախուղի տևողությունը հասավ 40 օրի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Ինչպես ասաց՝ հունվարի սկզբին հայկական լեռնաշխարհի վրա ձևավորվեց անտիցիկլոն, որը դարձավ օդային պատնեշ, ինչն էլ արգելք հանդիսացավ բոլոր տեսակի տաք օդային հոսանքների և տեղումնաբեր օդային զանգվածների ներհոսքի համար դեպի Հայաստան. «Ցուրտը սարսափելի էր թվում, որովհետև կան երկու գործոններ: Կա ջերմաստիճան և զգացողական ջերմաստիճան: Զգացողական ջերմաստիճանը կախված է օդի խոնավությունից, բարձր օդի խոնավություն դեպքում ջերմաստիճանը 5-6 աստիճանով ավելի ցուրտ է ընկալվում, քան փաստացի ջերմաստիճանը:-12-ը կարող է ընկալվել մինչև -18 աստիճան: Երկրորդ գործոնն էլ արևի լույսի բացակայությունն է»: Նրա խոսքով՝ հունվար ամսվա ընթացքում եղել են բազմաթիվ տաք օդի ալիքներ, որոնք չեն անդրադարձել Արարատյան դաշտի վրա, բայց հանրապետության շրջաններում բերել են ջերմաստիճանի կտրուկ բարձրացումներ։ «Ունեցել ենք օրեր, երբ Սյունիքի հովտային գոտում՝ Կապան-Ագարակ հատվածում, օդի ջերմաստիճանը հասել է մինչև +17 աստիճանի, Իջևանի, Բերդի, Բագրատաշենի հատվածներում հասել է մինչև +15, նույնիսկ լեռնային շրջաններում՝ Մարտունիում, Գավառում, Ապարանում, Ջերմուկում ցերեկային ժամերին +4 - +5 աստիճանի։ Քանի որ Արարատյան դաշտը գտնվում էր լճացած սառը օդի մեջ, այդ հատվածը որևէ կերպ չի արձագանքել տաք օդային հոսանքների ներթափանցմանը»,- նշեց նա։
