Դիմում` նախագահին, վարչապետին և ֆինանսների նախարարին.../տեսանյութ/
Օրերս կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա էին իրականացնում Եկմալյան փողոցի խաբված բնակիչները, ովքեր տարիներ շարունակ չեն կարողանում ստանալ իրենց բնակարանները: Նշենք, տասը տարի առաջ քանդվել են Եկմալյան 4-16 շենքերը: Բնակիչները հայտնվել են փողոցում: Բնակարանները ժամանակին կառավարության որոշումներով ներառված էին «գերակա շահ» հանդիսացող տարածքներում: «Արդեն 10-րդ տարին է՝ մենք փոխհատուցում չենք ստանում: Ընդամենը եղել են դատարկ խոստումներ: Փոխհատուցում բնակարանի տեսքով կամ գումարի տեսքով չի եղել»,-կառավարության առջև Հայելի.am-ի հետ զրույցում փաստեցին բնակիչները: Նրանց փոխանցմամբ` Հովիկ Աբրահամյանը տեղյակ է խնդրին, բայց հարցին լուծում չի տալիս: «Մինչև հիմա Եկմալյանում ոչ մի բան չի կառուցվել: Ես խոսել եմ ֆինանսների նախարարության աշխատակցի հետ, որն զբաղվում է այդ հարցով: Նա ասաց, որ երկու տարի է՝ աճուրդի է դրված Եկմալյանը, բայց գնորդ չկա: Բայց մինչ դա գնեն, շենք կառուցեն ու մեզ տուն տան, դա կլինի՝ «էշ մի սատկի, գարուն կգա»,-ասաց Անահիտ Պողոսյանը: Պողոսյանը փաստեց, որ 72 հազար դոլար է ներդրել, որ բնակարան ունենա: «Ամենաճիշտը դատարան դիմելն է, ես 72 հազար դոլար եմ տվել, որ Եկմալյանում իմ բնակարանը ունենամ: Իմ տղան ապրում է մուսուլմանական երկրում: Նա աշախատում է և երազում, որ հայրենիք վերադառնա: Մենք այդ գումարով վաղուց տուն կգնեինք: Պատկերացրեք, եթե ես այդ գումարը բանկում դնեի` 2008-թվականից, ինչքան տոկոս կգար»,-ընդգծեց բողոքող քաղաքացին: «Արդեն քրիստոնյաների ու մուսուլմանների միջև լուրջ բախումներ են: Վախը սրտումս քնում եմ: Խնդրում եմ` նախագահին, վարչապետին ու ֆինանսների նախարարին»,-նշեց Անահիտ Պողոսյանը: Աստղիկ Ավագյան Մանրամասները` տեսանյութում:
