Մարտիրոսյան. Հովիկ Աբրահամյանի հեռանալը կորուստ է իշխանության համար
«Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, միայն այն, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ում չի լինի, մեծ հարված է Սերժ Սարգսյանի և իշխանության համար: «Հովիկ Աբրահամյանն այն անձն է, որ բոլոր համապետական ընտրություններին շտաբի պետ է եղել, և որևէ մեկը չկա Հայաստանում, որ իրենից լավ տիրապետի ընտրակեղծարարության մեխանիզմին, թե որ տեղով ով պետք է աշխատի, ինչ թիմերով։ Ակնհայտ է, որ դա կորուստ է իշխանության համար։ Այնպես չէ, որ ինքը միակն է, և իշխանությունն առանց Հովիկ Աբրահամյանի միայն արդար, ազատ և թափանցիկ ընտրություն է անցկացնելու, բայց իր վարպետությունը, համոզված եմ, որևէ մեկը չի ունեցել», - ասել է Մարտիրոսյանը «Առավոտ» թերթին: Նրա խոսքով, պարզ է, որ Հովիկ Աբրահամյանը ընդդիմություն չէ, բայց նաև ակնհայտ է, որ իշխանություն էլ չէ, ոչ իշխանական է։ Բայց մի հարցում Արմեն Մարտիրոսյանը խիստ դժվարանում է պատասխանել՝ ով է լինելու Հովիկ Աբրահամյանի ընտրողը. «Որ գտնեք՝ ինձ էլ ասեք։ Չեմ պատկերացնում՝ ով կգնա նրա հետևից։ Նախկին պաշտոնյաներ կան, որոնց պարագայում կարող ես ասել, թե ով կգնա իր հետևից, իսկ Հովիկ Աբրահամյանի պարագայում դժվարանում եմ ասել»։
