Իրանն ակնկալում է 5 անգամ մեծացնել գազի մատակարարումը Հայաստան
Իրանը էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման շրջանակներում դիտարկում է Հայաստան գազի արտահանումը հինգ անգամ մեծացնելու հնարավորությունը: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի գազի արտահանման հարցերով ազգային ընկերության տնօրեն Ալիրեզա Կամելին, գրում է РИА Новости-ն: «Անգամ, համատեղ համաձայնագրի (Իրանի և Հայաստանի միջև) հիման վրա, հնարավորություն կա մեծացնել գազի մատակարարումները մինչև օրական հինգ միլիոն խորանարդ մետր»,- ասել է Կամելին: Այսօրվա դրությամբ, ինչպես նշում է լրատվամիջոցը, Իրանն օրական արտահանում է մոտ մեկ միլիոն խորանարդ մետր գազ Հայաստան: Նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցումը կարող է կարևոր գործոն դառնալ Հայաստան իրանական գազի մատակարարումները մեծացնելու համար, կարծում է ընկերության տնօրենը:
