Հայաստանից մեր երկիր արտահանման և արտադրանքի մատակարարումը 70 տոկոս աճ է գրանցել. ՌԴ վարչապետը՝ ՀՀ վարչապետին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Մոսկվայում հանդիպել են ՀՀ և ՌԴ վարչապետերը: ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր ողջույնի խոսքում նշել է. «Հարգելի Կարեն Վիլհելմի, սրտանց ողջունում եմ Ձեզ: Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է մեր երկիր: Մենք Հայաստանի հետ ունենք առանձնահատուկ, դաշնակցային հարաբերություններ, և մշտապես կան քննարկելու հարցեր: Կարևոր է, որ Ձեր այցի կապակցությամբ պատրաստվել են մի շարք փաստաթղթեր, որոնք ուղղված են մեր համագործակցության զարգացմանը: Հույս ունեմ, որ դրանք կնպաստեն տնտեսական կապերի զարգացմանը և մարդկային շփումների սերտացմանը: Մենք Ձեզ հետ կքննարկենք տնտեսական օրակարգը: Ցանկանում եմ ընդգծել, որ չնայած միջազգային կոնյուկտուրային, չնայած էներգակիրների գների փոփոխությանը՝ մեր առևտրաշրջանառությունը կայուն է, իսկ եթե խոսենք Հայաստանից մեր երկիր արտահանման և արտադրանքի մատակարարման մասին, ապա նախորդ տարի գրանցեցինք 70 տոկոս աճ: Դա, իմ տեսանկյունից, Հայաստանի՝ Եվրասիական միությանը միանալու և մեր տնտեսական կապերի ամրապնդման արդյունք է: Բայց կան նաև մի շարք այլ հարցեր՝ և՛ ներդրումային, և՛ հումանիտար: Եկեք այդ ամենի մասին խոսենք: Սրտանց Ձեզ ողջունում եմ, մաղթում եմ հաջող այց Ռուսաստանի Դաշնություն»:
