Ի՞նչ եք ուզում թաղային հեղինակություններից կամ մականունավորներից, ինչո՞ւ եք այդ մարդկանց մեղադրում
Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ -Դեռ չի հրապարակվել ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը, բայց այն արդեն իսկ քննադատության առարկա է դառնում։ -Քանի դեռ ցուցակները չեն հրապարակվել, քանի դեռ պարզ չի դարձել, թե ովքե՞ր են նրանցում ընդգրկված մարդիկ, ես որեւէ փաստ չունենալով չեմ կարող ինչ-որ կարծիք հայտնել: Իմ տեղեկատվության համաձայն՝ ՀՀԿ-ի ընտրացուցակները դեռեւս վերջնականորեն կազմված չեն: Ցուցակների հրապարակումից հետո միայն թող հայտնեն իրենց կարծիքը: Ինչո՞ւ ենք դեռ ջուրը չմտած՝ բոբիկանում: Իմ մտահոգությունը ոչ թե կլինի նրանից, որ կրկին խաղի մեջ են մտնում թաղային հեղինակությունները, այլ մտահոգվում եմ, որ այդ մարդիկ ունեն վարկանիշ, մտահոգվում եմ, որ մեր ժողովուրդը գնում ու այդ մարդկանց է իր ձայնը տալիս: Ի՞նչ եք ուզում թաղային հեղինակություններից կամ մականունավորներից, ինչո՞ւ եք այդ մարդկանց մեղադրում, գնացեք հասարակությանը մեղադրեք, որ նման մարդիկ իրենց մոտ մեծ հեղինակություն են վայելում: Ու քանի որ վայելում են, այդ մարդիկ էլ մտածում են՝ մամուլն ի՜նչ ուզում է թող իմ մասին գրի, թող որքա՜ն ուզում է խոսի, եթե ես ժողովրդի շրջանում վարկանիշ ունեմ՝ կարեւորը դա է: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի ընտրելու եւ ընտրվելու իրավունք: Ենթադրենք՝ մարդը մականուն ունի, իրավունք չունի՞ իր թեկնածությունը դնելու, պատգամավոր դառնալու: Կամ մամուլն ասում է՝ այս կամ այն մարդը քրեական հեղինակություն է։ Ասում եք ու անցնում առաջ, բայց քրեական հեղինակություն եք համարում մարդկանց, որոնք ոչ մի անգամ դատվածություն չունեն: Իսկ եթե դատված չեն, ո՞վ է որոշողը, որ այդ մարդը քրեական հանցագործ է, կամ մամուլի խոսքով՝ քրեական հեղինակություն է: Ասում են՝ տեսեք, Միհրան Պողոսյանը մասնակցելու է ընտրություններին: Կամ ծաղրում եք մականունավորներին. մարդն ի՞նչ անի, որ իր մականունը Շշի Մելո է, բայց նա շատ պարկեշտ մարդ է, մականուն ունի, մերժե՞նք: Թող մեր ժողովուրդը գնա ու իր ձայնը տա այն մարդուն ում կհամարի արժանի ու երկրի համար պիտանի մարդ: Ես՝ որպես ընտրող, այս սկզբունքով եմ կատարելու իմ ընտրությունը: -Ընդդիմությունը շարունակում է մեղադրել ՀՀԿ-ին, թե իր վերարտադրության համար ներդրեց «վարկանիշային» կոչված ընտրակարգը։ -Եկեք հիշենք՝ ընդդիմությունը չէ՞ր 4+4+4 ձեւաչափով բանակցում իշխանության հետ: Փոխանակ նման հայտարարություններ անելու՝ թող ժամանակին պնդեին, որ այդ ընտրակարգը պետք է հանել, քննադատեին, եթե իշխանությունը չհամաձայներ՝ թող դուրս գային քննարկումներից եւ հրաժարվեին ստորագրել Ընտրական օրենսգրքի տակ: Ուզում եմ ասել՝ թող ամիսներ առաջ բոլոր հնարավոր տարբերակներով պայքարեին վարկանիշային ընտրակարգի դեմ: Չեն արել, հակառակը, որքան հիշում եմ՝ ԸՕ-ի շուրջ շատ լավ էլ կոնսենսուս ստացվեց։ Եվ ի՞նչ է ստացվում՝ ընտրություններից երկու ամիս առաջ սկսել են աղմկել, թե՝ գիտե՞ք, վարկանիշայինը լավ բան չէ: Նոր են գլխի ընկե՞լ: Ուշ է արդեն, գնացքը շարժվել է: Նման հայտարարությունները ընդամենը դիտում եմ նախընտրական քայլ, ուրիշ ոչինչ: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում
