Սպիտակ տունը զգուշացնում է ԿԺԴՀ-ին
ԱՄՆ-ն կպաշտպանի իր տարածաշրջանային դաշնակիցների շահերը՝ Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական հանրապետության սադրանքներից: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Սյուզան Ռայսը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԿԺԴՀ-ում իրականացվել է հեռահար հրթիռի արձակում: «ԱՄՆ-ն լիովին հավատարիմ է տարածաշրջանում իր դաշնակիցների անվտանգությանը: Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մեր ու մեր դաշնակիցների համար, ինչպես նաև ԿԺԴՀ-ի սադրանքներին պատասխան տալու նպատակով»,-ասել է Ռայսը: Ռայսը հրթիռի արձակումը համարել է ապակայունացնող ու սադրիչ քայլ, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի սարսափելի խախտում է: «ԿԺԴՀ-ի հրթիռային ու միջուկային ծրագիրը լուրջ սպառնալիք է մեր շահերին և մեր սերտ դաշնակիցներից մի քանիսի համար, ինչպես նաև խաթարում է տարածաշրջանի շահերն ու անվտանգությունը»,-ասել է ԱՄՆ նախագահի խորհրդականը: Նա քննադատել է Հյուսիսային Կորեային՝ իր միջուկային ու հրթիռային ծրագրերն առաջնահերթ համարելու համար՝ սեփական ժողովրդի բարեկեցության մասին մտածելու փոխարեն, որի տառապանքն ավելանում է միայն այն պատճառով, որ Փհենյանն իր ռեսուրսները գործածում է ապակայունացնող գործունեության համար:
