Հովիկ Աբրահամյանը` Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման մասին. հարցազրույց
ԶԼՄ-ների տեղեկություններով`ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հանդիպումը կայացել է Աբրահամյանի նախաձեռնությամբ: Այդ պատճառով Հովիկ Աբրահամայանը նախօրեին չէր մասնակցել Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստին: Slaq.am-ը կապ հաստատեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ` պարզելու, արդյոք Մոսկվայում նման հանդիպում կայացել է և որն է եղել նպատակը: Մեզ հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը հաստատեց տեղեկության իսկությունը, նշելով. «Այո, իմ նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում իմ և իմ նախկին գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ» : Խոսելով հանդիպման նպատակի մասին, Հովիկ Աբրահամյանը մանրամասնեց. «Նախկինում Սոչիում բիզնես գործունեություն իրականացնող մեր հայրենակից գործարարներից մեկը գործնական խնդիրներ ուներ, և ես դիմեցի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Անատոլիչին, որպեսզի օրենքի շրջանակներում աջակցի մեր հայրենակցին»: Իսկ քաղաքական հարցեր քննարկվե՞լ են, Հովիկ Աբրահամյանը ժխտեց, ասելով. «Ոչ, ներեցեք ավելի չեմ կարող պատսախանել»: Հիշեցնենք, որ դեռևս օրեր առաջ hayeli.am-ը հայտնել էր Հովիկ Աբրահամյան- Դմիտրի Մեդվեդև հանդիպման մասին:
