ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստ է գումարում
Հյուսիսային Կորեայի աերոտիեզերական գործակալությունը զեկուցել է դեպի տիեզերք արբանյակի հաջող արձակման մասին: Համաձայն Փհենյանից հաղորդվող տեղեկությունների, Kwangmyongsong-4 արբանյակը տեղափոխող հրթիռն արձակվել է Սոհե տիեզերակայանից: Նշվում է, որ թռիչքի մեկնարկից ուղիղ ինը րոպե քառասունվեց վայրկյան անց արբանյակը դուրս է եկել նշված ուղեծիր: Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը բացասական արձագանքների է արժանացել միջազգային հանրության կողմից: Մասնավորապես՝ համարվում է, որ Փհենյանի կողմից արբանյակի թողարկումն ընդամենը պատրվակ է՝ բալիստիկ հրթիռը փորձարկելու համար այն դեպքում, երբ Հյուսիսային Կորեային, միջազգյային պարտավորություններով, արգելված է բալիստիկ հրթիռների օգտագործումը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտնել է, որ դիմել է Փհենյանին՝ կոչով դադարեցնել սադրիչ գործողությունները, եւ ցավով արձանագրել է, որ հրթիռի արձակումը տեղի է ունեցել միջազգային հանրությանը հակառակ: Իր հերթին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտնել է, որ այսօր՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, արտակարգ նիստ է գումարում Հյուսիսային Կորեայի կողմից արձակված հրթիռի հարցով: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, BBC-ի հաղորդմամբ, ասել է, որ Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը սպառնում է Միացյալ Նահանգների անվտանգությանը:
