Երևանում բախվել են «Wolksvagen»-ն ու «Subaru»-ն. կա վիրավոր
Այսօր, փետրվարի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Կարապետ Ուլնեցի - Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում բախվել են 58-ամյա Գարեգին Մկրտչյանի վարած «Wolksvagen» մակնիշի 34 NV 881 համարանիշի և 38-ամյա Մանաս Հայրապետյանի վարած «Subaru» մակնիշի 88 ՏՏ 777 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Subaru»-ն բախվել է խաչմերուկում երթևեկությունը կարգավորող լուսացույցին: Վթարի հետևանքով 1 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորը եղել է «Wolksvagen»-ի ուղևորուհին: Ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները և հրշեջ փրկարարները: Վերջիններս հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել են գազաբալոնների փականները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ Հրաչյա Արզումանյանի գլխավորությամբ:
