Կարեն Կարապետյանը հինգ ամսում դա չարեց, «Ելք»-ը դա կանի 47 րոպեում. Նիկոլ Փաշինյան
« Հպարտ եմ «Ելք» դաշինքով, որ հանուն Հայաստանի Հանրապետության կարողացանք կանգնել իրար կողքի: Հպարտ եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցությամբ, ես հպարտ եմ «Հանրապետություն» կուսակցությամբ, ես հպարտ եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ, մենք բոլորս հպարտ ենք իրարով», - «Ելք» դաշինքի համաժողովի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նշեց ,որ ապրիլի ընտրություններին հայ ժողովուրդը իրենցով հաղթելու իրական հնարավորություն ունի: « Եկել է ժամանակը Հայաստանի քաղաքացիներին ցույց տալու, որ եկել է ժամանակը փակելու կոռումպացված Հայաստանի էջը ու բացելու լուսավոր Հայաստանի էջը: Եկել է ժամանակը փակելու խնամի, ծանոթ, բարեկամով Հայաստանի էջը ու բացելու քաղաքացիական Հայաստանի էջը, եկել է ժամանակը փակելու խմբապետական Հայաստանի էջը ու բացելու Հայաստանի Հանրապետության էջը, որտեղ ամեն ոք իրեն լիարժեք ու բաժնետեր է զգում իր հայրենիքում», - նշեց նա: Վարչապետ Կարեն Կարապետյանին չորս-հինգ ամիս է՝ չի հաջողվում կոտրել բանանի մենաշնորհը, բայց «Ելք» դաշինքին դրա համար անհրաժեշտ է լինելու ընդամենը 47 րոպե,հայտարարեց Փաշինայնը.«Ես բացարձակապես չեմ հավատում այն իշխանությանը, այն էլիտային, որը խոսում է, թե Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծում է բերելու ու ամեն տարի հարյուր հազարներով դատարկում է Հայաստանը՝ մարդկանց ստիպելով հեռանալ Հայաստանից, ես չեմ հավատում փոխզիջումների մասին այն խոսակցություններին, որոնք հաշվի չեն առնում մի բան ՝ Ադրբեջանը 7 միլիարդի զենք է առել, որ փոխզիջման գնա՞, իհարկե ոչ»: Նա շեշտեց՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, հայկական պետականությունը ավարտ չի ունենալու:
