Իշխանությունը պատուհաս` հա՛, դարձել է.Հայկ Մարության
Դերասան Հայկ Մարությանը, որը ներկա էր «Ելք» դաշինքի համաժողովին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ողջունում է երեք կուսակցությունների դաշինքը: «Դաշինքում լավ ընկերներ ունեմ և ողջունում եմ այս դաշինքը, ինչպես ցանկացած նախաձեռնություն, որը մեր ապագա ԱԺ-ն կարող է բերել բալանսի: Միայն այն դեպքում ժողովրդավարական որոշումներ կունենանք, եթե որոշումները միանձնյա չընդունվեն: Կարծում եմ՝ «Ելք»-ը կարող է ԱԺ-ում ապահովել այդ բալանսը: Ողջունելի է, որ այն երեք ուժերը, ովքեր տարբեր մոտեցումներ ունեն, միավորվում են ի նպաստ Հայաստանի Հանրապետության», - ընդգծեց դերասանը: Հայկ Մարությանը նշեց, որ ինքը որեւէ կուսակցության անդամ չէ, եւ որպես քաղաքացի իր շահն այն է, որ լինի բալանսավորված խորհրդարան, որը երկիրն առաջ կտանի: Դիտարկմանը՝ հնարավո՞ր է արդյոք, որ ընդգրկվի որևէ կուսակցության ցուցակում, Հայկ Մարությանը նշեց. «Ես ոչ մի կուսակցության չեմ անդամակցում: Դա ինձ հնարավորություն է տալիս ավելի անաչառ խոսել»: «Այս պահին ցուցակներում ընդգրկվելու նպատակ չունեմ, բայց երբ զգամ, որ իմ անելիքներն ԱԺ-ում ավելի մեծ կլինեն, քան ԱԺ-ից դուրս, նման քայլեր կանեմ, բայց հիմա զգում եմ, որ ՀՀ քաղաքացիների համար ԱԺ-ից դուրս կարող եմ քայլեր անել», - ասաց նա: Մեր դիտարկմանը, թե իշխանությունը թույլ կտա՞ նման բան, դերասանն ասաց, որ եթե հարցն այսպես ձեւակերպվեր` կփորձի՞ արդյոք խանգարել, բնականաբար, այո՛: «Յուրաքանչյուր ոք, ով ունի իշխանություն, չի ուզի բաժանվել այդ իշխանությունից, եւ նա հարստանում է այդ իշխանության միջոցով, բնականաբար, չի ցանկանա այլեւս չհարստանալ»,- ասաց Մարությանը: Հարցին,համակարծի՞ք է այն պնդումներին, որ իշխանությունը չարիք է դարձել ժողովրդի համար, ասաց. «Չէ՛, ընդհանրապես իշխանությունը դարձել է չարիք:Այն, որ իշխանությունը երկիրը ճիշտ տեղ չի տանում եւ տապալում է ծրագրերը` փաստ է: Պատուհաս` հա՛, դարձել է»,- ասաց նա:
