«ՀՀԿ-ն դարձել է չամչի գրավ». Էդմոն Մարուքյան
«Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանն այսօրվա համաժողովին հայտարարեց, որ «Ելք» դաշինքը չի ստեղծվել այսինչին կամ այնինչին միանալու համար: «Հետեւում եմ բոլոր ուժերի աշխարհացունց ելույթներին, սակայն չեմ լսել ժողովրդավարության մասին, իրավունքի գերակայության մասին։ Մենք ներկայացրել ենք ծրագրային հիմնադրույթներ։ ՀՀ-ն դարձել է դիսկոմֆորտային երկիր. մենք այդ փակուղուց առաջարկում ենք ելք։ Ես զարմանում եմ մեր քաղաքացիների համբերության վրա», -հայտարարեց նա: Համաշխարհային կյանքում փոփոխություններ են տեղի ունենում, և Հայաստանը չի կարող անմասն մնալ փոփոխություններից և, ինչպես ասաց, փոփոխությունները գալիս են Հայաստան՝ «Ելք» դաշինքի միջոցով: Անդրադառնալով իրենց դաշինքի կարգախոսին` նշեց, որ առաջին բառը ընտրությունն է, եւ դա պատահական չէ. «Տարիներ շարունակ մեր երկրում պրոպագանդում են, թե անհնարին է ընտրությունների միջոցով հասնել փոփոխությունների։ Սակայն կասեմ հակառակը` վառ օրինակ Վանաձորը, ՀՀԿ-ն դարձել է չամչի գրավ»:
