«Այս իշխանությունը փող է բաժանում, որ գա իշխանության և գալիս է իշխանության, որ փող աշխատի. Ա. Սարգսյան
Ինչպես տեղեկացրել ենք՝ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է «Ելք» դաշինքի անդրանիկ համաժողովը: «Ելք» դաշինքին ներգրավված են «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ այս ընտրությունը գործող իշխանության իրական փոփոխության միակ քաղաքակիրթ ու անվտանգ հնարավորությունն է: «Ասում են՝ պատմությունը կրկնվում է, բայց ոչ մի կրկնություն ամբողջական չէ, միշտ լինում են նորություններ կամ փոփոխություններ։ Եթե փոփոխությունը ծանրակշիռ է, փոխվում է պատմությունը։ Մենք ուզում ենք փոխել պատմությունը ու փակուղուց ելք տալ: Փոփոխությունը միանշանակ լինելու է, որովհետև հասել է ժամանակը»,-հայտարարեց Ա. Սարգսյանը։ Արամ Սարգսյանի խոսքով՝ այս ընտրություններին ոչ ոք չի կարող վերջնական կանխատեսել, թե ինչ ընթացք կունենան, ով ինչ արդյունք կգրանցի: Նրա խոսքով՝ իրենք անելու են այն, ինչ չեն արել մինչ հիմա, և որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո վերջապես սրտանց ուրախություն, փոփոխություն և հույս կարող են պարգևել բոլորին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։ «Այս իշխանությունը փող է բաժանում, որ գա իշխանության և գալիս է իշխանության, որ փող աշխատի։ ՀՀԿ-ն ասելու է, որ ամեն ինչ լավ է, իրեն վստահելու դեպքում՝ ավելի լավ է լինելու, ու փող է բաժանելու։ Որոշ ուժեր էլ ունեն մեկ ընդհանրություն՝ Հայաստանի ինքնիշխանությունը և անկախությունը սիրով ու ինքնամոռաց նվիրել են Ռուսաստանին և մեր երկրի ապագան տեսնում են Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի շրջապատում ու մոդելով։ Անգամ որոշ կուսակցապետեր Արցախի հարցի լուծումն առաջարկում են Լավրովյան պլան կոչվածով, միայն թե Մոսկվային ցույց տան, որ իրենք ավելի լավ կծառայեն Ռուսաստանին, քան գործող իշխանությունը։ Այս բոլոր ուժերն իրարից չեն տարբերվում։ Նրանց ընտրազանգվածը վախով ու փողով քվեարկող 45 տոկոսանոց հատվածն է, ու նայելով այս ուժերին՝ ակնհայտ ու պարզ է դառնում, որ ելքը մենք ենք... Այո, միանշանակ է, որ նոր ընտրակարգով իշխանությունը Հայաստանը բաժանել է 13 մասի, ամեն մասում ներգրավել է մեկ, որոշ դեպքերում մի քանի պետության ռեսուրսների օգտագործմամբ ու կոռուպցիայի շնորհիվ հարստացած դոլարային միլիոնատերերի: Ու այդ հիմքով վստահ է, որ վարչական ռեսուրսի ու փողի ուժով հասնելու է հաջողության: Իմ կարծիքով՝ ընտրության տարբերակ իրենք չունեն էլ: Արդար ընտրությամբ հանրությունից քվե ստանալն իրենց դեպքում չի աշխատելու»,- ասաց Արամ Սարգսյանը: Սոնա Դավթյան
