Ռաֆսանջանիի անցած ուղին և հատուկ դերակատարումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում
82 տարեկան հասակում մահացել է Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին: Իսլամական Հանրապետությունում Ռաֆսանջանիի ունեցած ազդեցության մասին է վկայում այն փաստը, որ Իրանում պաշտոնապես եռօրյա սուգ է հայտարարվել, իսկ հունվարի 10-ը ոչ աշխատանքային օր:
Իրանական Tasnim լրատվակայքը հաղորդում է, որ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին իր ցավակցական ուղերձում Ռաֆսանջանիին անվանել է «իր վաղեմի ընկեր և Իսլամական շարժման դարաշրջանի դաշնակից»: Իրանի հոգևոր առաջնորդը նշել է, որ «տարաձայնություններն ու անհամաձայնությունները չեն կարողացել խանգարել իրենց 59 տարվա ընկերությանը»:
Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին Իսլամական հեղաշրջման առանցքային դերակատարներից և Ալի Խամենեիի մտերիմ աջակիցներից է եղել: 1960-70 ական թվականներին մի քանի անգամ ձերբակալվել է իր քաղաքական գործունեության համար: Շահի տապալումից հետո մասնակցել է Իսլամական հանրապետական կուսակցության ձևավորմանը: 1980-89 թվականներին զբաղեցրել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնը: Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ (1980-88) իրանական զինված ուժերի դե ֆակտո հրամանատարն է եղել:
1989-1997 թվականներին զբաղեցրել է Իրանի նախագահի պաշտոնը: 2007-2011 թվականների գլխավորել է Փորձագետների խորհուրդը, որն ընտրում է երկրի Հոգևոր առաջնորդին: 1987 թվականից Ռաֆսանջանին գլխավորել է նաև Իսլամական համակարգ նպատակահարմարության խորհուրդը, որը փորձում է հարթել խորհրդարանի և Պահապանների խորհրդի միջև ծագող վեճերը: Փորձագետների խորհրդում Ռաֆսանջանին Իրանի գործող նախագահի հետ ներկայացնում էր չափավորների թևը:
Հատկանշական է, որ Ալի Աքբար Ռաֆսանջանին էական դերակատարում է ունեցել 1992 թվականին Իրանի կողմից իրականացված միջնորդության մեջ, երբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով Ռաֆսանջանիի հրավերով Թեհրան այցելեցին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Յակուբ Մամեդովը: Ռաֆսանջանին բանակցությունների ընթացքում հայտարարում էր, որ հակամարտությունը պետք է քաղաքական լուծում ստանա: Ցավոք, իրանական միջնորդությունը տևական արդյունք գրանցել չկարողացավ, բայց ընդգծեց Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում:
armedia.am
