«ԻՊ-ն կշարունակի ահաբեկչությունը Թուրքիայում». թուրքագետ
«Թուրքիան փոխվում է, և այդ փոփոխությունների կենտրոնում գտնվում է Թուրքիայի նախագահը՝ Էրդողանը, որը որպես քաղաքական գործիչ և որպես անհատականություն՝ շատ անկանխատեսելի է: Նախորդ տարի Թուրքիայում սկսվեց ահաբեկչական գործողությունների կտրուկ աճ, ինչը պայմանավորված է Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությամբ:Տարիներ շարունակ Թուրքիան աջակցություն ցույց տվեց «Իսլամական պետությանը», ներգրավեց նրան ահաբեկչական գործունեության մեջ և վերջին մեկ տարվա ընթացքում փոխեց իր քաղաքականությունն այդ կազմակերպության նկատմամբ: Դա առաջացրեց « ԻՊ հակազդեցությունը: Կարելի է կանխատեսել, որ «Իսլամական պետությունը» կշարունակի իր ահաբեկչական գործունեությունը Թուրքիայում»,- Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Բանախոսի կարծիքով ՝ հնարավոր է, որ Թուրքիայի անվտանգության ծառայության որոշ հատվածներ համագործակցում են «Իսլամական պետության» հետ. «Տարիներ շարունակ Թուրքիայի հատուկ ծառայությունները եղել են «Իսլամական պետության» հետ ամենասերտ համագործակցության մեջ, և կարելի է ենթադրել՝ այդ համագործակցության արդյունքն է նաև այն, որ Թուրքիայի անվտանգության ծառայության որոշ հատվածներ թույլ են տալիս, որ նման ահաբեկչական գործողություններ տեղի ունենան:Օրինակ՝ «Ռեյնա» ակումբի ահաբեկչության դեպքում մեկ շաբաթ առաջ ստացվել է շատ հստակ տեղեկություն, որ պետք է հարձակում տեղի ունենա անհատ ահաբեկչի կողմից, և ոչ մի միջոց չի ձեռնարկվել»:
