Ալիև. Ապրիլյան մարտերի ժամանակ հազարավոր հեկտարներ են ազատագրվել հայկական օկուպացիայից
2016թ. օտարերկրյա ներդրումները Ադրբեջանի տնտեսությունում կազմել են 8 մլրդ դոլար, ներքին ներդրումները՝ 3.7 մլրդ դոլար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր նախարարների կաբինետի ընդլայնված նիստի ժամանակ, որը նվիրված է եղել 2016թ. սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
«2016 թվականին Ադրբեջանում ստեղծվել է ավելի քան 100 հազար աշխատատեղ»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ 2017թ. Ադրբեջանի կառավարության առաջ խնդիր է ծառացած նվազեցնել ինֆլյացիայի մակարդակը։
Ալիեւը, անդրադառնալով ապրիլյան ագրեսիային, ասել է. «Հակագրոհի արդյունքում մեր բանակը թշնամուն ջախջախիչ պարտություն է հասցրել: Հազարավոր հեկտարներ են ազատագրվել օկուպացիայից: Ապրիլյան մարտերը մեր փայլուն հաղթանակն է: Բացի այդ, մենք մեկ անգամ եւս ցույց տվեցինք ադրբեջանական պետության ուժը: Միաժամանակ, ապրիլյան մարտերն ամբողջովին փարատեցին Հայաստանի հորինած առասպելը: Իրենք էլ են խոստովանում, որ առանց արտաքին օգնության մեզ նույնիսկ մեկ շաբաթ էլ չեն կարող դիմակայել»:

