«Համախմբում»-ը որոշել է այլ քաղաքական ուժերի հետ ինտենսիվ բանակցություններ սկսել
Այսօր տեղի է ունեցել «Համախմբում» կուսակցության վարչության հերթական նիստը: Ինչպես տեղեկացրել են «Համախմբում» կուսակցության մամուլի ծառայությունից, օրակարգում ընդգրկված են եղել ընթացիկ, նախընտրական քարոզարշավի նախապատրաստության, ինչպես նաեւ այլ ուժերի հետ բանակցությունների ընթացքին վերաբերող հարցեր: Տրվել են կոնկրետ հանձնարարականներ: Վարչությունը բավարար է գնահատել այլ քաղաքական ուժերի հետ ընթացող նախնական քննարկումները: Միաժամանակ, որոշում է կայացվել ավելի ինտենսիվ դարձնել դրանք՝ վերջնական որոշումների հանգելու նպատակով: Վարչությունը նաեւ որոշում է կայացրել ստեղծել բանակցող խումբ: Վարչությունը լիազորել է կուսակցության փոխնախագահներ Ստեփան Մարգարյանին եւ Էլինար Վարդանյանին, ինչպես նաեւ կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թեւանյանին ակտիվ խորհրդակցություններ անցկացնել քաղաքական, հասարակական ուժերի եւ այլ շրջանակների հետ:
