Իրանը նավթը վաճառելու է եվրոյով
Իրանը մտադիր է նավթը վաճառել ոչ թե ԱՄՆ դոլարով, այլ եվրոյով: Ինչպես նաեւ՝ Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է հետ պահանջել իր՝ նախկինում սառեցված բանկային հաշիվները հենց եվրոյով: Ինչպես հայտնում է Reuters-ը, Իրանը նավթի մատակարարման վերաբերյալ նոր կնքվող պայմանագրերի դիմաց նախատեսվում է եվրոյով հաշիվներ ներկայացնել: Մասնավորապես՝ Իրանի ազգային նավթային ընկերությունում գործակալության ունեցած աղբյուրը հայտնել է, որ իրանական կողմը համապատասխան պայմանավորվածություններ ունի ֆրանսիական Total, իսպանական Cepsa եւ ռուսական Litasco (ЛУКОЙЛ) ընկերությունների հետ: Մանրամասնվում է, որ իրանական կողմը պահանջելու է նավթի համար վճարել եվրոյով՝ համապատասխան այդ պահին եվրո-դոլար փոխարժեքի: Նաեւ՝ Իրանն իր գործընեկերներին հայտնել է, որ տարբեր երկրների բանկերում ունեցած իր դրամական միջոցների տոկոսները ցանկանում է ստանալ ոչ թե դոլարով, այլ եվրապական արժույթով: Այսպիսով՝ Իսլամական Հանրապետությունը ջանում է նվազեցնել իր կախվածությունը ամերիկյան դոլարից:
