Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ կա 5 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Բյուրեղավան-Արզնի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են՝ Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 26-ամյա Նարեկ Ալեքսանյանի վարած ՎԱԶ 21 01 մակնիշի 34 FF 190 համարանիշի և Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 60-ամյա Որոտան Խաչատրյանի վարած Opel Vectra մակնիշի 34 LQ 188 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու ուղևորներ՝ 32-ամյա Սառա Գրիգորյանը, 29-ամյա Հայկանուշ Ղազինյանը, և 64-ամյա Սվետլանա Թադևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյանի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը, քննիչ Վահե Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ժամանել են նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի խումբն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

