Թուրքական դատարանն ընդունել է ընդդիմադիր լրագրողների հանդեպ մեղադրականը
Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ դատարանն ընդունել է ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի ու Անկարայում թերթի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլի հանդեպ պատրաստված մեղադրականը։ Այդպիսով, Դյունդարն ու Գյուլը դատարանի առջև կկանգնեն մարտի 25-ին։ Ավելի վաղ հաղորդվել էր, թե դատախազությունը պահանջել է Դյունդարին ու Գյուլին դատապարտել ցմահ ազատազրկման, լրտեսության ու ահաբեկչության մեջ ներգրավված լինելու համար։ Դյունդարն ու Գյուլը լրագրողական հետաքննություն էին իրականացրել և բացահայտել էին Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից Սիրիա գաղտնի զենք ուղարկելու փորձը։
