Սփյուռքահայերն այդպես էլ հյուր մնացին Հայաստանում. Արսինե Խանջյան
Սփյուռքի եւ Հայաստանի նուրբ հարաբերությունների, Հայաստանի ներքին կյանքում սփյուռքահայերի մասնակցության, Հայաստանում սփյուռքահայերի հանդեպ վերաբերմունքի ե հարցերի շուրջ NEWS.am-ը զրուցել է կանադահայ դերասան, ռեժիսոր Արսինե Խանջյանի հետ։ -Ինչպիսի՞ն պետք է լինեն, ըստ Ձեզ, սփյուռքում և Հայաստանում ապրող հայերի հարաբերությունները, կամ որքանո՞վ սփյուռքը պետք է ներգրավված լինի Հայաստանի ներքաղաքական գործընթացներին։ Հնարավո՞ր է արդյոք ապահովել սփյուռքի լիարժեք ներգրավվածությունը դրսից, թե՞ պետք է ստեղծել մեխանիզմներ, որպեսզի նրանք վերադառնան հայրենիք և այստեղ ապրելով մասնակցեն Հայաստանի ներքին գործընթացներին: Հայաստան գալու և հաստատվելու ջանքեր կարծես արվեցին սփյուռքի կողմից, երբ Հայաստանը նոր էր անկախացել: Այդ փորձերը եղան, կար փափագ, մարդկանց որոշ քանակ եկավ, սակայն պայմանները թույլ չտվեցին մնալ Հայաստանում, նախ և առաջ որովհետև իրենք քաղաքացի չէին, և կարծես հյուր էին եկել՝ Հայաստանի միջավայրին մասնակցելու նպատակով, բայց այդ հյուրը մնաց հյուր: Երբ գնում ես մի տեղ՝ մտածելով, որ կկարողանաս մասնակից դառնալ, և քեզ միշտ զգացնել են տալիս, որ դու հյուր ես, նշանակում է, որ կամ պետք է ընդունես այդ վիճակը ևմնաս, կամ ասես հյուրասիրվեցի՝ վերադառնամ: Այժմ ես կարծում եմ, որ սփյուռքն էլ է դժվար վիճակում, որովհետև 25 տարվա ընթացքում ունեցանք տարբեր փորձառություններ միասին՝ իրար հետ շփվելով կամ առանց շփվելու: Դա ստեղծեց իրավիճակ, և այսօրվա սփյուռքը բարդ է։ Այս առումով ես գաղափարներ ունեմ, բայց չեմ ուզում արտահայտվել, որովհետև այդ գաղափարները պետք է լավ մշակվեն և նախ և առաջ մշակվեն այդ գաղութների և այնտեղ գտնվող անհատների կամքով: Պետք է հստակեցվի, թե ինչ է նշանակում Հայաստան գալ, ինչ ձևով կարելի է Հայաստան գալ: Նոր սփյուռքի համար դա վերադարձ է, պատմական սփյուռքի համար՝ առաջին անգամ գալ է նշանակում: Բայց ի՞նչ ձևով: Օրինակ, վարչապետը ընդհանուր սփյուռքին կոչ է անում, թույլ է տալիս, որ գան և բիզնեսում մասնակից դառնան: Բայց արդյոք միայն դա՞ է սփյուռքի մասնակցությունը: Միայն բիզնեսի ոլորտո՞ւմ, այսինքն՝ նյութականի վրա՞ է, դրանից առավել սփյուռքը դեր չունի՞ Հայաստանում վերցնելու: Ես կարծում եմ, որ դա շատ նեղմիտ մոտեցում է սփյուռքի պարտականության և սփյուռքի կարողությունների համեմատ: Մենք ռեսուրս ունենք, որի կարիքը ունի Հայաստանը: Ճիշտ չէ, որ Հայաստանը մենակ գոյատևի: Եթե անդրադառնանք Հայաստանի իրողությանը՝ հաշվի առնելով ոչ թե անհատական շահերը, այլ Հայաստանի շահերը, և ընդունելով, որ այդ երկրի մեջ ժողովուրդ կա, որ պետք է ապահովի իր ձայնը, Հայաստանը շատ բարդ վիճակի մեջ է, և ոչ թե դրսի ճնշումների պատճառով: Այժմ Հայաստանի ճնշումները ներքին են: Հայաստանի և սփյուռքի պատմությունը վերջին 100 տարիներին տարբեր ձևավորումներ են ունեցել, բայց ինչու՞ իրար հետ չենք կարողանում հարաբերություն ստեղծել: Եթե նայենք Իսրայելի օրինակը, ապա այսօր Իսրայելին որպես անկախ պետություն հենց Իսրայել ենք կոչում, ոչ թե Հրեաստան կամ հրեաների երկիր: Սփյուռքի մեջ էլ հրեաներ կան, բայց այդ հրեաները անկախ քաղաքացիական պատկանելությունից՝ ֆրանսիացի են, իտալացի, և բացի նյութական օժանդակություն ապահովելուց, նրանց համար ստեղծում են պայմաններ, որ նրանց կարծիքը հարգվի: Հիմա ինչպե՞ս կարող է տեղի ունենալ այդ ձևավորումը: Ձևերը շատ են. 2009թ-ին ստեղծված Սփյուռքի նախարարությունը բացարձակ չկարողացավ լուրջ ձև մշակել: Բոլոր պլատֆորմները, որ ստեղծվեցին, կոսմետիկ և ընդհանրապես Հայաստանը սփյուռքին մոտեցնելու թույլ գաղափարներ էին: Եվ ես կարծում եմ, որ դրա պատճառը, ոչ թե նախարարության թուլությունն էր, կամ չիմանալը, այլ դրա տակ նաև քաղաքականություն կա սփյուռքի նկատմամբ, որ ոչ թե անպայման մոտեցման քաղաքականություն է, այլ դիրքորոշման՝, որ «դուք միայն այս ձևով եք կարող մասնակցել, և երբ մենք ձեզ պատվենք, դուք ձեզ պետք է արժանավորված զգաք»: Այս վիճակը այլևս տանելի չէ: Սա ուժերի պարտադրանքի հարց չէ, սա ազգային գոյատևման հարց է: -Հայաստանի այս իրականության պատկերով, այնուամենայնիվ, ինչպիսի՞ն է Հայաստանի ապագայի Ձեր տեսլականը: 25 տարին երկար ժամանակ է, քիչ չէ: 25 տարվա մեջ երեխան դառնում է երիտասարդ և անկախ երիտասարդ, որը պետք է որոշումներ կայացնի իր կյանքի համար: Հայաստանում լավ բաներ եղել են, բայց դեռ շատ մեծ հարցեր կան: Ես կարծում եմ, որ կարելի է, եթե իսկապես երկու կողմից այս հարաբերությունը դառնա համեստ: Համեստ եմ ասում, որովհետև այստեղ, ըստ երևույթին, փառքի հարց կա. ամեն մեկն ուզում է իր ուժը և կամքը հաստատել և պահել: Այսպես չի կարող լինել: Հայաստանի իշխանությունները պետք է անդրադառնան այս հարցին հանուն ժողովրդի և պետության, որ նախ ամեն մեկը՝ պետությունը, ժողովուրդը և իշխանությունը, պետք է ունենան իրենց ինքնությունը և անկախությունը, իսկ այդտեղ արդեն պետք է լինի հարաբերություն, ոչ թե պարտադրված, այլ մաքուր, հստակ հարաբերություն: Եթե Հայաստանում սրա անդրադարձը լինի, նույն ձևավորումը նաև պետք է տեղի ունենա սփյուռքում: Մեր սփյուռքի հաստատություններն էլ պետք է անդրադառնան, որ մենք մեծ թվով երիտասարդներ, անհատներ ունենք, որ իրենց հայ են զգում, բայց չեն ուզում, որ տարիներ հետո իրենց հրահանգներ տան, թե ինչպես պետք է իրենց հայությունը փաստեն: Այսօր հայությունը փաստելու շատ ձևեր կան, և պետք է ստեղծել այդ պայմանները: Ես կարծում եմ, որ հաջորդ 25 տարվա մեջ Հայաստանում վիճակը կսկսի կամ լավանալ կամ բարդանալ: Ինչու՞ եմ այդպես կարծում. պետք է նայենք մարդկության պատմությանը և զարգացմանը, չպետք է կարծենք, որ եթե հայ ենք, ապա տարբերվում ենք: Իրականության մեջ բացարձակ տարբեր չենք և ամենամեծ վնասը մենք ինքներս ենք մեզ հասցնելու: Ես հուսով եմ, հավատում եմ, որ մենք կարողանալու ենք ստեղծել միջավայր, որտեղ իրար լսենք առանց միմյանցից վտանգ զգալու: Անընդունելի է, որ մենք իրար վիրավորենք: Սա ասում եմ ուղղակի ձևով, որովհետև այն, ինչին ականատես եղա, շուրջս տեսա մարդկանց, քաղաքացիների, որ գալիս և ասում էին. «Խնդրում ենք վերադարձեք և սփյուռքին ասեք, որ մեզ նյութական օժանդակություն չուղարկեն: Մենք ձեր թիկունքի կարիքն ունենք»: Երբ սա լսում եմ, չեմ կարող հեռանալ այդ պատասխանատվությունից: <...> -Ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում ՝ որպես հյո՞ւր, թե՞ լիարժեք քաղաքացի: Ես Հայաստանում ինձ հյուր չեմ զգում: Առաջին տարիներին այնպես էր, որ պետք է գայի, այցելեի. հյուրի պես էի, որովհետև գիտեի՝ պետք է վերադառնամ: Որպես սփյուռքահայ՝ աշխարհում չեմ զգում, որ պատկանում եմ որևէ մի տեղ: Քառասուն տարուց ավել է, որ ապրում եմ Կանադայում, Կանադայի քաղաքացի եմ, բայց իմ հայությունը այնպես է, որ ուր էլ լինեմ՝ Լիբանանում կամ Ամերիկայում, Ֆրանսիայում, զգում եմ, որ պատկանելությունը տարբեր իմաստ ունի: Երբ Հայաստան եմ գալիս, զգում եմ, որ ինձ համար բնական մթնոլորտ է, չնայած որ դեռ շատ բան պետք է սովորեմ, դեռ շատ պետք է շփվեմ, որ հասկանամ՝ իրոք ինչ է նշանակում ապրել Հայաստանում, Հայաստանի առօրյա կյանքով: Չգիտեմ՝ երբևէ կունենա՞մ այդ առիթը, որ գամ և տարիներով ապրեմ Հայաստանում, կան անհատներ, որ այդպես են իրենց կյանքը դասավորել, չգիտեմ՝ կլինի՞ այդ առիթը, թե ոչ: Ես երբևէ չէի մտածի, որ այսօր այստեղ կգտնվեմ և կխոսեմ այս թեմաների շուրջ: Ես նաև զգում եմ, որ պատկանում եմ սփյուռքին: Այս հարաբերոթյունն իմ մեջ մեծ տեղ է գրավում, և այս հարաբերությունն է, որ այս պահին մշակում եմ և ցանկանում եմ մշակել: Ամբողջական հարցազրույցը և տեսանյութը՝ NEWS.am-ում:
