Ինչ է ստորագրել Լուկաշենկոն. պարզաբանում է Դմիտրի Միրոնչիկը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի ստորագրել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը, այլ միայն հաստատել է նախագիծը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը:Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Բելառուսը չէր ստորագրել ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը։ Լուկաշենկոն հրաժարվել էր մեկնել Սանկտ Պետերբուրգ։ Ավելի ուշ Լուկաշենկոն իր հրամանագրով հավանության էր արժանացրել ԵՏՄ-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագիծը՝ որպես հիմք բանակցությունների համար և լիազորել երկրի Պետական մաքսային կոմիտեին այդ առնչությամբ բանակցություններ անցկացնել։ «Մի շարք ԶԼՄ-ներ հստակ չեն լուսաբանել այս լուրը: Ստորագրվել է ոչ թե Մաքսային օրենսգիրքը, այլ բանակցություններ անցակցնելու վերաբերյալ հրամանագիրը»,-ասել է Միրոնչիկը:
