Թուրքիայում սպանված դեսպանի մայրը հայուհի է
russia-armenia.info կայքը գրում է,որ Թուրքիայում ՌԴ նախկին դեսպան Անդրեյ Կառլովի մայրն ազգությամբ հայ է։ Անդրեյ Կառլովը (1954-2016թթ.) ծնվել է Մոսկվայում՝ դիվանագետների ընտանիքում։ 1976թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը, որտեղ խորությամբ ուսումնասիրել է Կորեայի պատմությունը և լեզուն։ Երկար տարիներ աշխատել է Հյուսիսային Կորեայում ԽՍՀՄ դեսպանատանը, ապա` Կորեայում Ռուսաստանի դեսպանատանը։ Հետագայում Կառլովն աշխատել է արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում, իսկ 2013թ. նշանակվել է Թուրքիայում ՌԴ դեսպան։ ՌԴ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների մրցանակակիր Արարատ Մկրտչյանը պատմել է, որ Անդրեյ Կառլովի հետ ծանոթացել է Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում։ Իմանալով, որ Արարատ Մկրտչյանը հայ է՝ Կառլովի կինը՝ Մարինա Միխայլովնան, ասել է, որ Անդրեյ Կառլովը կիսով հայ է։ Նրա մայրը՝ Մարիա Ալեքսանդրովնան, հայուհի է։ Արարատ Մկրտչյանը հաճելիորեն զարմացել է։ Ավելի ուշ Արարատ Մկրտչյանին է մոտեցել նաև Անդրեյ Կառլովը, երախտագիտություն հայտնել և տվել իր այցեքարտը, որն Արարատ Մկրտչյանը պահում է մինչ օրս։ Արարատ Մկրտչյանի զարմանքը հատկապես մեծ է եղել, երբ Անդրեյ Կառլովը խոսել է հայերեն։ Հիշեցնենք,որ Անդրեյ Կառլովը սպանվել է 2016թ. դեկտեմբերի 19-ին՝ Անկարայում ժամանակակից արվեստի կենտրոնում ցուցահանդեսի բացման ժամանակ։
