Խոշոր ավտովթար Գողթ գյուղում
Հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Գողթ գյուղի Գեղարդի խճուղում բախվել են Երևան քաղաքի Լյուքսեմբուրգի 1-ին նրբանցքի բնակիչ, 35-ամյա Սերգեյ Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 35 FG 569 համարանիշի և Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 14 փողոցի բնակիչ, 39-ամյա Իգիթ Պողոսյանի վարած Mercedes Sprinter մակնիշի 29 MA 999 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11 հոգի, որոնց մեջ են նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կետնրոն: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել գյուղի բնակիչները և մի մասին հիվանդանոց են տեղափոխել օպերատիվորեն ժամանած Գողթ գյուղի բժշկական կենտրոնի բժիշկները, մի մասին էլ՝ քաղաքացիները՝ իրենց ավտոմեքենաներով: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորներից մի քանիսին հիվանդանոց են ուղեկցել Կոտայքի ոստիկանապետն ու 3-րդ վաշտի հրամանատարը: Դեպքի վայրում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհը ամբողջովին պատված է եղել մերկասառույցով և Աբովյանի «Ճանշին»-ը չի բարեհաճել մատը մատին խփել և կատարել ճանապարհը մերկասառույցից հեռացնելու աշխատանքներ: Տեղում դասակի հրամանատար Հ. Գալստյանը ահազանգեց Աբովյանի «Ճանշին»-ի պետին, ով խոստացավ, որ կարճ ժամանակում աշխատակիցները կգան և կմշակեն ճանապարհը, սակայն 2 ժամից ավելի նրանք հորիզունում չերևացին, հավանաբար, մտածում են, որ ՃՈ աշխատակիցները վթարված մեքենաները կտեղափոխեն դեպքի վայրից ու էլ նրանց աչքին չի երևա «Ճանշին»-ը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
