Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի «տակից հանում է» քաղաքական պլատֆորմը. քաղաքագետ
Տարբերություն չկա ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա կստեղծվի թե ոչ, քանի որ ՀՀԿ-ն, միեւնույն է, ունի բացարձակ մեծամասնություն խորհրդարանում: Այս մասին նշել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը: «Դաշնակցությունը ինչ էլ, որ ասի, ենթադրենք՝ ասում է, որ գնում է համագործակցության կամ կոալիցիայի հայրենիքը փրկելու համար, սա մի քիչ ռոմանտիկ մոտեցում է: Ասում են, որ անգամ վարկաբեկվելու գնով գնում են հայրենիքը փրկելու: Իրականությունը կարծես թե իշխանական կերակրատաշտի մոտ թույլատրվում է տեղ ունենալ, իրենք հաճույքով գնում եւ օգտվում են այդտեղից: Այստեղ Դաշնակցության մոտիվացիան ավելի քան պարզ է՝ ՀՅԴ-ն մոտ կլինի ոչ միայն բյուջեին, այլեւ մարզպետարաններին ու մարզերի ձայներին»,- ասել է նա: Նրա խոսքով, ամենալուրջ գործոնն այն է, որ ՀՅԴ-ին կոալիցիա բերելով, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի «տակից հանում է» քիչ, թե շատ լուրջ քաղաքական պլատֆորմը, որով նա կկարողանա գնալ ընտրությունների: «Այսինքն՝ եթե Քոչարյանը ուզում է մասնակցել ընտրություններին, ստիպված է հույսը դնել 1-2 հոգանոց կուսակցությունների վրա»,-ամփոփել է նա:
