Ռուս-ադրբեջանական դիվերսիոն ծուղակ` Հայաստանի տարածքում
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան արձագանքել է Հայաստանի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից նախօրերին ձեռնարկված դիվերսիոն գործողությանը: «ՀԱՊԿ-ի քարտուղարությունում առանձնահատուկ տագնապով ընդունեցին Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղի մերձակայքում տեղի ունեցած զինված միջադեպի մասին տեղեկությունը: ՀԱՊԿ անդամ պետության տարածքում տեղի ունեցած այդ գործողությունները գնահատում ենք սադրիչ, հատկապես այս տարվա ապրիլին ԼՂՀ-ում ծանր սպառազինության և զրահատեխնիկայի կիրառմամբ տեղի ունեցած բավական լուրջ միջադեպի ֆոնին: Թվում էր, թե երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի շնորհիվ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, վերջապես, կակտիվանա: Սակայն, վերջին շրջանում կրակի դադարեցման պայմանավորվածության պարբերական խախտումների մասին տարածաշրջանից ստացվող տեղեկությունները, ինչպես նաև զինծառայողների մահվանը հանգեցրած՝ դեկտեմբերի 29-ի հերթական միջադեպը լուրջ մտահոգություն են առաջացնում»,- ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքէջում զետեղված հայտարարության մեջ նշում է Բորդյուժան: Փաստորեն, ՀԱՊԿ-ը «սադրիչ» է որակում Հայաստանի տարածքում տեղի ունեցած դիվերսիոն գործողությունը, ու այն էլ առանց նշելու, թե ում է «սադրիչ» անվանում: Հիմա մեզանում կգտնվեն Բորդյուժայի պաշտպաններ, կհրճվեն այն փաստից, թե, եթե Բորդյուժան հիշատակել է «Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղը», ուրեմն` ենթադրվում է, որ Ադրբեջանն է հարձակվել: Շատ լավ, բայց, եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այդքանը գիտակցում է, ինչու՞ չի հասցեավորված ասում, ով է սադրել: Ու՞մ է պետք հայտարարություն` առանց Ադրբեջանի գործողությունը ֆիքսելու ու դատապարտելու: Կամ հաջորդ աբսուրդը: Բորդյուժան, պարզվում է, ապրիլյան քառօրյա պատերազմը համարում է ԼՂՀ-ում` «ծանր սպառազինության և զրահատեխնիկայի կիրառմամբ տեղի ունեցած բավական լուրջ միջադեպ...»: Բրավո՛... Էլ ինչը պետք է զսպի Ադրբեջանի սանձարձակ նախագահ Ալիևին, երբ Ադրբեջանը ՀԱՊԿ-ին չանդամակցելով` ի դեմս Ռուսաստանի, նման պաշպան ունի: Իսկ ո՞ւր են` «ՀԱՊԿ-ով Հայաստանի սահմաններն անվտանգ» են յոթ երգ երգողները... Հերթական պապանձվելու առի՞թն է: Առհասարակ, ՀԱՊԿ կոչված խայտառակությունից այլ բան սպասել էլ չէր կարելի: Պարզապես, հերթական անգամ արձանագրենք, որ ոչ ապրիլյան պատերազմն առիթ դարձավ, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Ադրբեջանին կարգի հրավիրի, ոչ էլ Ալիևը գիտակցեց, որ նրա հաջորդ հնարավոր հարձակումները ըստ արժանվույն կանխվելու են: Հետևաբար, ամեն ինչ դեռ առջևում է. Հայաստանն ու Արցախը հայտնվել են ռուս-ադրբեջանական միահամուռ ծուղակի մեջ: Ռուսաստանը շարունակելու է զինել Ադրբեջանին, այլապես շաբաթներ առաջ Մոսկվան Բաքու չէր գործուղի Դմիտրի Ռոգոզինին` «բարիշելու» Ալիևի հետ ու հավանաբար նաև զինտեխնիկայի վաճառքի նոր պայմանագրեր կնքելու: Բաքուն ու Մոսկվան միասին խոչընդոտելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը` նպատակ ունենալով ռուսական պլանի տակ դնել Հայաստանին` ճնշելով զիջումներ պարտադրել Ղարաբաղում: Իսկապես ծանր ժամանակներ են սպասում հայկական կողմին: Ռուս-ադրբեջանական ծուղակին դիմագրավել կարող է բացառապես հայկական բանակը, որը երբեք չի զգալու ռազմավարական դաշնակցի աջակցությունը` Ադրբեջանի կողմից ռազմական հնարավոր գործողությունների ժամանակ: Որովհետև Մոսկվան մեզ ծանր օրերին չի օգնելու: Մետաքսյա Շալունց
