Դեղագործական մագնատն անարգել է ԱՄՆ կոնգրեսը. տեսանյութ
Երեկ ԱՄՆ կոնգրեսում կայացած հատուկ լսումների ժամանակ դեղագործական Թյուրինգ ընկերության սեփականատեր՝ ալբանացի իմիգրանտ Մարտին Շկրելին, որին ամերիկյան մամուլը որակել է որպես «Ամերիկայի ամենաատելի մարդ», ներակայացել է հատուկ հանձնաժողովի նիստին՝ պատասխանելու կոնգրեսականների հարցերին: Սակայն Շկրելիի ղեկավարած ընկերության մի քանի կարևորագույն դեղերի գների յոթհարյուրապատիկ աճը հետաքննող և հայտնի կոնգրեսականներից բաղկացած հանձնաժողովի գրեթե ոչ մի հարցի Շկրելին չի պատասխանել՝ դրական պատասխան տալով միայն իր անվան արտաբերմանը վերաբերող Հարավային Քարոլինահի ներկայացուցչի թակարդ-հարցին: Շկրելին պատասխանել է ևս մեկ հարցի, որն իրեն ուղղվել է կոնգրեսական էլայջա Քամմինզի կողմից և վերաբերել է նրան, թե արդյո՞ք ինքը լսում է կոնգրեսականի իրեն ուղղված ուղերձը: Շկրելին փորձ է արել անտեսել անգամ այդ հարցը, բայց նրա փաստաբան Բենջամին Բրաֆմանը հետևից հորդորել է դրական պատասխան տալ: Կոնգրեսականների մնացած բոլոր հարցերին Շկրելին հրաժարվել է պատասխանել՝ հղում անելով ԱՄՆ սահմանադրության հինգերորդ ուղղմանը, որով քաղաքացին իրավունք ունի ինքն իրեն դատապարտելու պոտենցիալ պարունակող վկայություն չտալու: Անհրաժեշտ է նշել, որ իրեն ուղղված բոլոր հարցերի ժամանակ Շկրելին ցուցաբերել է արհամարհական և անհարգալից վերաբերմունք կոնգրեսականների հանդեպ. նայել է աջ ու ձախ, ձանձրույթի նշաններ ցույց տվել՝ հայացքը հառելով առաստաղին, ցինիկորեն ժպտացել է և դեմքի տարբեր արտահայտություններ ընդունել: Զարմանալիորեն զուսպ և անատամ պահվածք է դրսևորել հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Չաֆֆեցը, որը որևէ կերպ դիտողություն չի արել ՀՖԲ-ի կողմից մեղադրանքի տակ գտնվող երեսներկուամյա դեղագործական մագնատին: Շկրելիի վարքագիծը, թերևս աննախադեպ է ամերիկյան կոնգրեսի պատմության մեջ: Կոնգրեսական հետաքննող հանձնաժողովները հետաքննող բարձրագույն մարմիններ են, որոնց առջև ներկայացել և հարգալից վարքագիծ են դրսևորել ամերիկյան պետության բազում բարձրաստիճան պաշտոնյաներ, աստղեր և հասարակական հռչակ վայելող անձինք: Հանձնաժողովի նիստը լքելուց հետո Շկրելին իր թվիթթերյան էջում գրել է. «Անհավատալի է, թե ինչպիսի ապուշներ են ներկայացնում ժողովրդին իշխանությունում»: Տեսանյութը՝ կից:
