Ինչպիսի եղանակ է սպասվում հունվարին. պարզաբանում է Գագիկ Սուրենյանը
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հունվար ամիսը համեմատաբար ավելի տաք է լինելու: «Հունվարին նույնպես վայրիվերումները շատ մեծ են լինելու: Մենք ունենալու ենք արկտիկական ցուրտ ներխուժումներ, որոնք այս անգամ լինելու են ոչ թե՝ Սկանդինավիայի կողմից, այլ՝ Սիբիրի: Բայց կլինեն նաև ժամանակահատվածներ, երբ մենք կգտնվենք Մերձավոր Արևելքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում»,- տեղեկացրեց նա: Ինչպես նշեց՝ Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում ու Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժման դեպքում կանխատեսվող նվազագույն ջերմաստիճանը -17 -20 աստիճան է, իսկ մայրաքաղաք Երևանում արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքում կլինի -17-20 աստիճան: «Իսկ առավելագույն ջերմաստիճանը, որ առանձին օրերին կարող է լինել այս հատվածներում, +4 +5 աստիճանն է, որ կարող է լինել ցերեկային ժամերին, Երևանում կանխատեսվում է՝ +4 +5 աստիճան»:
