Վերահսկողության տակ են վերցնել սոցիալական նպաստների և օգնության նշանակումը. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստի սկզբին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց սոցիալական ոլորտի վերաբերյալ: Վարչապետն անդրադարձավ նպաստների հարցին՝ ընդգծելով, որ արդյունավետության ու հասցեականության համար առաջին հերթին պետք են բարեփոխումներ անապահովության գնահատման համակարգում: Նրա խոսքով՝ կառավարության ծրագրի համաձայն՝ պետք է իրականացվի անապահովության գնահատման մոտեցումների և մեթոդաբանության արմատական վերանայում՝ հիմք ընդունելով ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովման և պետական սոցիալական աջակցության ծրագրերը՝ հատկապես բնակչության անաշխատունակ շերտերին ուղղելով սկզբունքային մոտեցումներ:«Ըստ այդմ՝ հանձնարարում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ անապահովման գնահատման համակարգում ամեն գնով 30 միավոր ձեռք բերելու մղումը ապախթանելու և ընտանիքի առաջնային կարիքները հոգալու խթանելու ճիշտ համակարգ ձևավորելու ուղղությամբ: ՀՀ առողջապահության նախարարի հետ համատեղ առաջարկություն ներկայացնել անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահով ընտանիքներին տրամադրվող առողջապահական ծառայությունների հասանելիությունը և հասցեականությունը մեծացնելու ուղղությամբ”,- ասաց նա: ՀՀ մարզպետներին ու քաղաքապետներին հանձնարարվեց անձնական վերահսկողության տակ վերցնել սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների կողմից սոցիալական նպաստների և օգնության նշանակումը»,- եզրափակեց Կարապետյանը:
