Հաշտություն կլինի՞
ԱՄՆ-ը պետք է հրաժարվի շանտաժի, իր կամքը թելադրելու քաղաքականությունից ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին ստանձնելու է ԱՄՆ նախագահի պաշտոնը: Իր նախընտրական ելույթներում նա հավաստիացրել է, որ մեծ հարգանք ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ և ցանկանում է բարելավել Օբամայի իշխանության օրոք խիստ վատթարացած ռուս-ամերիկյան հարաբերությունները: Ճգնաժամն ի հայտ է եկել Ուկրաինայի և Սիրիայի հարցերում երկու երկրների իրարամերժ դիրքորոշումների հետևանքով, ինչին վերջին ամիսներին գումարվել է ամերիկյան ընտրություններին հաքերային հարձակումներով միջամտելու Վաշինգտոնի կողմից Մոսկվային վերագրվող մեղադրանքը: Ե՛վ Մոսկվայում, և՛ Վաշինգտոնում փորձում են կանխատեսել, թե ինչպիսին կլինի հունվարի 20-ից հետո ընտրյալ նախագահ Թրամփի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ: Վաշինգտոնի և Մոսկվայի միջև արդյունավետ համագործակցություն կլինի, երբ ԱՄՆ-ը հրաժարվի շանտաժի ու զսպումների, իր կամքը թելադրելու քաղաքականությունից, երեկ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա նշել է, թե Մոսկվայում դրականորեն են ընդունել Դոնալդ Թրամփի՝ նորմալ երկխոսություն սկսելու պատրաստակամությունը: «Ինչպես նախագահ Պուտինն է բազմիցս նշել, մենք պատրաստ ենք անցնել այդ ճանապարհի մեր հատվածը, որպեսզի ռուս-ամերիկյան հարաբերությունները վերադառնան բնականոն հուն»,- ասել է Սերգեյ Լավրովը: Ռուսաստանը խստորեն քննադատել է 2017թ. Պենտագոնի ծախսերի մասին Բարաք Օբամայի վավերացրած օրինագիծը: Մոսկվայում համոզված են, որ ԱՄՆ-ի գործող նախագահը միտումնավոր փորձում է խոչընդոտել Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու՝ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունները: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի պնդմամբ, Օբամայի թիմը փորձում է ականապատել Թրամփի վարչակարգի ապագան: 2017-ին պաշտպանության համար հատկացվելու է 618 միլիարդ 700 միլիոն դոլար: Գործող դեմոկրատ նախագահի վավերացրած օրինագիծը հանրապետականների հսկողության տակ գտնվող Կոնգրեսը դեկտեմբերի սկզբին է ընդունել: «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Օբաման ամեն կերպ փորձում է ձախողել ռուս-ամերիկյան կապերի բարելավման հնարավորությունը», - երեկ նշել է Զախարովան և, որպես օրինակ, անդրադարձել է հակաօդային պաշտպանության համակարգի ծախսերի ավելացմանը․ - «Այդպիսով Ամերիկան ցանկանում է խախտել միջուկային հավասարակշռությունը և առավելություններ ստանալ ռազմավարական ասպարեզում»: ՌԴ ԱԳՆ-ի խոսնակի փոխանցմամբ, նույն նպատակին է ծառայում նաև «Մագնիտսկու օրենքը», որն ընդարձակում է մարդու իրավունքների պաշտպանության համար ամբողջ աշխարհում պատժամիջոցներ սահմանելու՝ Միացյալ Նահանգների նախագահի լիազորությունները: «Մարդու իրավունքները չենթարկվող կառավարությունների վրա որպես ճնշում բանեցնելու պատրվակ օգտագործելը Վաշինգտոնի քաղաքականության հին ավանդույթներից մեկն է: Դրա նպատակն է ամերիկյան ոճի դեմոկրատիա պարտադրել ամբողջ մոլորակին», - ասվում է Զախարովայի հայտարարությունում: Զախարովայի խոսքով՝ ամերիկացիները պնդում են, որ Ռուսաստանը սպառնում է ՆԱՏՕ-ի երկրներին, ինչն իրականությանը չի համապատասխանում․ - «Վաշինգտոնում պետք է ի վերջո հասկանան, որ Ռուսաստան վերադառնալու Ղրիմի բնակչության որոշումը ոչ թե այսպես կոչված «ռուսական ագրեսիայի», այլ Կիևում երեք տարի առաջ տեղի ունեցած պետական հեղաշրջման հետևանք է, հեղաշրջում, որի հիմնական գաղափարախոսն ու հովանավորը հենց Սպիտակ տան ներկայիՍ վարչակազմն էր»: Զախարովայի պնդմամբ, ԱՄՆ-ի և ՌԴ- ռազմական գերատեսչությունների երկկողմ շփումների մերժումն Ուկրաինայի հարցով պայմանավորելու համառ ձգտումն առնվազն զարմանք է առաջացնում․ - «Առավել ևս անհասկանալի է, թե ինչպես Ռուսաստանը սպառնում ՆԱՏՕ-ին, երբ հենց ՆԱՏՕ-ն է ընդարձակվում և մոտենում Ռուսաստանի սահմաններին»: Քիսինջերը կհաշտեցնի՞ ԱՄՆ-ին ու Ռուսաստանին ԱՄՆ Նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար մշակում է պլան՝ ուղղված Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը, հայտնել է գերմանական Bild-ը։ Ինչպես նշում է պարբերականը՝ 93-ամյա դիվանագետը, ով բազմիցս հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ճիշտ քայլ է համարում Ռուսաստանի հետ հաշտեցումը՝ Չինաստանի ուժեղացման ֆոնին։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հավասարակշռությունը, նրա կարծիքով՝ կնպաստի գլոբալ կայունության ամրապնդմանը։ Bild-ը՝ հղում անելով արևմտյան հատուկ ծառայությունների վերլուծությանը, որը հիմնված է Թրամփի թիմի կողմից ստացված տեղեկությունների վրա, հաստատում է, որ Թրամփը Քիսինջերի խորհրդով մտադիր է հանել պատժամիջոցները Ռուսաստանի վրայից։ Բացի այդ, նախկին պետքարտուղարն իբրև թե պատրաստվում է խորհուրդ տալ Թրամփին ճանաչել Մոսկվայի իրավունքը Ուկրաինայում, ինչպես նաև Բելառուսում, Վրաստանում և Ղազախստանում ազդեցության ոլորտի վրա։ Նախատեսվում է մշակել Ուկրաինայի զարգացման քաղաքական և տնտեսական պլան, համաձայն որի՝ Ռուսաստանը պետք է երաշխավորի այդ երկրի արևելյան մասի անվտանգությունը։ Ի պատասխան՝ Արևմուտքը պետք է ոչ պաշտոնապես ճանաչի Մոսկվայի իրավունքը Ղրիմի վրա՝ պաշտոնապես շարունակելով համարել թերակղզին Ուկրաինայի մաս։ Օբամայի լավագույն վրեժը Օբամայի վարչակազմը շարունակում է Պուտինից հաշվեհարդար տեսնելու միջոց փնտրել՝ ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար՝ գրում է Սթիվեն Սեստանովիչը The Wall Street Journal-ի բլոգում։ Սակայն դատելով ամեն ինչից՝ նախագահ Օբաման մերժել է Պուտինի և նրա շրջակա միջավայրի գաղտնի հարստության և ֆինանսական մեքենայությունները հրապարակելու գաղափարը։ Մեզ հավաստիացնում են, որ դա ուղղակի չի հուզում ռուսներին՝ գրում է հոդվածագիրը։ Սեստանովիչը Օբամայի նման որոշումը սխալ է համարում։ Վերջին տարիներին շատ են տեղեկություններն այն մասին, որ Պուտինը տասնյակ, հավանաբար նաև՝ հարյուրավոր միլիարդների կարողություն է կուտակել։ Սակայն Սեստանովիչի կարծիքով՝ տեղեկատվության այդ արտահոսքերում ակնարկներ են եղել, բայց ոչ՝ հավաստի ապացույցներ։ Այո, ռուսները անտարբերությամբ են վերաբերվել այդ արտահոսքին, սակայն Պուտինը հարձակման անցավ. նա կոռուպցիայի թեման դարձրեց իր ծրագրի առանձնահատկությունը և «Եդինայա Ռոսիա»-ին կոչ արեց ցույց տալ, որ դեմ է չարաշահումներին։ Միայն պատկերացրեք՝ ինչ տեղի կունենա, եթե կաթիլ առ կաթիլ ներկայացվի, թե ինչպես են կոռուպցիայի միջոցով հարստացել պուտինյան ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաները։ Սեստանովիչը կարծում է, որ ավելի լավ կլինի, եթե տեղեկատվության արտահոսքը չընկալվի որպես ԱՄՆ-ի պաշտոնական արշավ։ Իսկ եթե Օբաման այլ ռազմավարություն ունի, պետք է մեկ անգամ ևս մտածի խնդրի մասին՝ եզրափակում է հոդվածագիրը։ Մետաքսյա Շալունց
