«Ապրիլյան քառօրյան լուստրացիա էր». քաղաքական գործիչներն ամփոփում են տարին
«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով տարին, ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը հայտարարեց, որ տարին բարդ էր: Բանախոսը տարվա ամենամեծ կորուստը համարեց ապրիլյան պատերազմում զոհված զինվորների կյանքը: Այնուհետև շեշտեց, որ տարին մարտահրավերներով լեցուն էր. «Սակայն այն ինչ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում։ Եվ ես կցանկանայի, որ բոլորս 2017 թվական մուտք գործեինք հենց այս կարգախոսով, որ մենք ավելի ուժեղ ենք, եւ այն, ինչ տեղի ունեցավ 2016-ին, բացասական առումով, մարտահրավերների առումով, անկասկած սա նաեւ մեր պատմությունն է, մեր հիշողությունն է, որից, բնականաբար, համապատասխան դասեր քաղած պետք է մտնենք 2017 թվական»։ Անդրադառնալով ներքաղաքական կյանքին՝ ասաց, որ ներքաղաքական և տնտեսական առումով տարին ցույց տվեց, որ կառավարման այն մոդելը, որը տարիներ շարունակ կիրառում էինք, խիստ վերափոխման անհրաժեշտություն ունի: Խոսելով արտաքին քաղաքականությունից՝ Արտակ Դավթյանն առանձնացրեց Գերմանիայի Բունդեսթագի ընդունած Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը: «Դա, անկասկած, ազդեցություն կունենա տարածաշրջանի և ընդհանրապես աշխարհի վրա եւ բնականաբար, կունենա Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների վրա: Տնտեսական առումով մեր թիվ մեկ գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, եւ բնական է՝ կախված այն բանից, թե ինչպես կընթանան Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները, կշարունակվեն արդյոք պատժամիջոցները, թե կթուլանան, այս ամեն ինչը իր ազդեցությունը կունենա Հայաստանի Հանրապետության վրա»: Բանախոսներից ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը համաձայնեց Արտակ Դավթյանի հետ՝ նշելով, որ իրեն համար ևս ցավալի է ապրիլին տեղի ունեցածը: Ամփոփելով տարին՝ Ազատ Արշակյանը նախ խոսեց ազգի արժանապատվությունից՝ փաստելով, որ ազգը ձեռք բերեց ինքնավստահություն, հաղթողի ինքնազգացողություն. «Մենք Գիքոր հանրապետությունից վերածվեցինք նժդեհական, Վահագնի, հաղթող, փառավոր պետության, որովհետև ապրիլյան պատերազմի ընթացքում մեն-մենակ մնացինք թշնամու դիմաց և մենք հաղթեցինք, չնայած որ շատ ծանր կորուստ ունեցանք»: Այնուհետև, անդրադառնալով կառավարության փոփոխության՝ նա նշեց, որ սկզբում մեծ ակնկալիք կար Կարեն Կարապետյանից, սակայն դա կորավ նրա ՀՀԿ անդամակցությունից հետո: «Կարծես ատամնաբույժի գնալ լինի՝ ատամից ազատվելու համար: Հույս ունեի, որ Կարեն Կարապետյանը չի մտնի ատամնաբուժարան»,- ասաց նա՝ նկատի ունենալով նրա հետ 7000 հոգու անդամակցությանը: Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն էլ նկատեց. «Ապրիլյան քառօրյան լուստրացիա էր ներքին և արտաքին քաղաքականության առումով։ Ցույց տվեց, թե ովքեր են մեր ռազմավարական գործընկերները, ովքեր են օգնում Հայաստանին և Ադրբեջանին»: «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը ևս անդրադարձավ ապրիլյան պատերազմին՝ ձեռքբերում համարելով այն, որ մենք մտնում ենք 2017՝ երկու հայկական պետությունների առկայությամբ: «Մեր երկրում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, ինչը ցույց տվեց ապրիլյան պատեարզմը և Սասնա ծռերի գործունեությոնը»,-ասաց նա: Սոնա Դավթյան
