Ներդրողները հնարավորություն են ունենալու այլընտրանքային լուծումներ գտնել. նախարար
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ամփոփեց տարին: Ինչպես տեղեկացրեց՝ ստեղծելու են օտարերկրյա ներդրումների պաշտպանության ինստիտուտ, որի շնորհիվ ոչ մի խտրական մոտեցումներ չեն կիրառվելու, ու ներդրողները հնարավորություն են ունենալու այլընտրանքային լուծումներ գտնել: «Ունենք արդեն 160 ծրագիր, որից 110-ը մարզերից է: Զարգացման հայկական հիմնադրամի հետ միասին ներդրել ենք մեկ պատուհանի սկզբունքը: Եկող տարվա առաջին եռամսյակում արդեն կտեսնենք ութ նոր ծրագրի իրականացում, որը կբերի երեք մլրդ դրամի ներդրում եւ կստեղծի ինը հարյուր նոր աշխատատեղ»: Լրագրողներից մեկի հարցին, որ ՊԵԿ հրապարակած հինգ հարյուր խոշոր ընկերություններից 296-ը ռիսկային գոտում են, նախարար Կարայանը. «Պատճառն այն է, որ բավականաչափ հստակ չէ ընկերությունների համագործակցությունը կառավարության հետ:Այժմ ՀՀ-ում գործող կազմակերպությունները պատրաստ են նոր ներդրումներ անել: Ռիսկայնության առումով նաեւ այդ ընկերությունների մեղքն էլ կա. նրանք ժամանակին խախտումներ են թույլ տվել պետության հետ շփումների մեջ, մասնավորապես հարկային դաշտում: Այնպես որ, այստեղ կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններ»:
