Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվածը դատարանի որոշմամբ «կփակվի ԱԱԾ–ի պադվալում»
Ինչպես արդեն ԱԱԾ–ն պաշտոնապես հայտարարել է. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Ա. Ս.–ն և նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Ա. Պ.–ն... Ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ և դրանք փոխանցել իրենց վերադասներին: Գործակալության պետի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է հանձնաժողովների նախագահներից այդ օրվա ընթացքում ստացված, որոշակի ժամանակահատվածում հավաքագրված գումարների հերթական մասնաբաժինը՝ 2547000 ՀՀ դրամ և 600 ԱՄՆ դոլար, որի գերակշռող մասը եղել է ծրարված»: «Փաստ»-ը գրել է, որ նշված անձը` Ա. Ս.–ն, Արմեն Սողոյանն է, ով ուրբաթ օրն է ձերբակալվել և դատարանի որոշմամբ երկու ամիս «կփակվի ԱԱԾ–ի պադվալում»: Արմեն Սողոյանը մինչ այդ` 2003–2009 թթ. Երևանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետն էր: Մասնագիտությամբ հոգեբույժ է, բժշկական գիտությունների թեկնածու: Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահն է:
