Դատական գործընթացին միջամտելը հանցագործություն կլինի. Ա.Հովհաննիսյան
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին օգտատերերը հարց ուղղեցին քաղբանտարկյալների վերաբերյալ: Անի Կաղինյանը նշել է, որ այսօր Հայաստանում 70 անձ բանտերում է քաղաքական հայացքների համար: «Ես չգիտեմ` ինչպիսի գործեր են դրանք, և ում մասին է խոսքը, յուրաքանչյուրը կարող է ընդհանրական գնահատականներ հնչեցնել, և դա յուրաքանչյուրի իրավունքն է: Այն գնահատականը, որ ես հնչեցրել եմ «քաղբանտարկյալ» եզրույթի մասով, հիմնվել եմ Եվրոպայի խորհրդի կողմից հաստատված չափանիշների վրա:»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: Որքանո՞վ է իրավաչափ ոստիկանին հարվածելու համար անձին 3 տարի դատապարտելը, իսկ տոնածառ դնելու համար նախատեսել 5 տարվա ազատազրկում, նախարարը պատասխանեց. «Ես չեմ կարող գնահատողական դատողությունների մակարդակում դատողություններ հնչեցնել, եթե ուզում եք, որ ես որակեմ` արդարադատություն կա՞, թե՞ ոչ , ապա այդ առումով ընդհանարական գնահատականներ երբեք չեմ հնչեցնի: Անկախ նրանից` ինձ անարգանքի սյունին կգամեն, թե` ոչ, անկախ նրանից դա դուր կդա օգտատերերին, թե` ոչ, ես` որպես արդարադատության նախարար, ցավոք կամ բարեբախտաբար, իրավասություն չունեմ որևէ կերպ միջամտելու դատական պրոցեսին: Դա ինձ համար կհամարվի նույնքան հանցագործություն, որքան այն հանցագործությունները, որոնց մասին բարձրաձայնում եք:
