Տանը մնացածները նման հայտարարություններ են անում . ՀՀԿ-ն՝ ՀԱԿ-ի մասին
«Բոլորին հետաքրքրում է միայն պորտֆելների հարցը:Մենք ճանապարհ ենք գնում, ու չի բացառվում, որ համագործակցության ձեւաչափը լինի կոալիցիոն: Մենք պահի խնդիր չենք լուծում»,-հայտարարեց ԱԺ ճեպազրույցներին այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով ՀՅԴ հետ իրենց հնարավոր կոալիցիայի ստեղծմանը: Ի պատասխան ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը նման է ամուսնության, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Բոլոր տանը մնացածները նման հայտարարություններ են անում»: Ինչ վերաբերում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն խոսքերին, թե ՀՀԿ-ն հեղինակազրկված է, պարոն Բաղդասարյանն արձագանքեց. «Նրա ասածների մեջ լրագրողների կողմից սարքած բավականին շոուներ կային: Վտանգավոր բան չկար, բոլոր պարզաբանումները հետագա հարցազրույցներում տրվել են: Մի անհանգստացեք, գյուղացի Համբոյի տանը կռիվ չէր ընկել»:
