Չի բացառվում՝ լինեն նոր կրճատումներ . Արմեն Ամիրյան
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն անդրադառնալով մշակութային ոլորտի խնդիրներին, անդրադարձավ նաև նախարարության մինչ այժմ ամենաքննարկված ու քննադատված՝ պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ոլորտին: «Պատմամշակութային հուշարձանների վերականգնման համար տարեկան հատկացվում է 250 մլն դրամ, մինչդեռ ունենք 24000 հուշարձան, ուստի 2017-ին միայն 7 հուշարձան կվերականգնվի: Հուշարձանների շուրջ կարող են կառուցվել հյուրատներ, փոքրիկ խանութներ, միաժամանակ մշակվում են նախագծեր՝ ինչպիսին պետք է լինեն զբոսաշրջիկների համար նախատեսվող անցուղիները, որովհետև գաղտնիք չէ այն, որ լավագույնս պահպանվում են համայնքային նշանակության այն հուշարձանները, որոնք կարողանում են այցելուների հոսք ապահովել»,- ասաց Արմեն Ամիրյանը: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում անցկացված աուդիտին ու դրա արդյունքներին անդրադառնալով նախարարը նկատեց. «Անցկացվել է աուդիտ, որը փաստել է ֆինանսական չարաշահումների մասին: Ներկա տնօրեն Վլադիմիր Պողոսյանն այժմ հիվանդանոցում է և բուժման կուրս է ստանում, հետևաբար՝ այս պահին մենք իրավունք չունենք նրան ազատելու: Կային ֆինանսական չարաշահումներ, որոնց արդյունքում, հավաստիացնում եմ, որ արժի ստորագրել հեռացման այդ հրամանը»: Նախարարը նշեց, որ աուդիտներ են սպասվում բոլոր ՊՈԱԿ-ներում, որոնց արդյունքում, չի բացառվում՝ լինեն նոր կրճատումներ: Կինոոլորտի խնդիրներին անցնելով, նախարարը հայտարարեց՝ կլինեն փոփոխություններ, որոնք առավելապես կառավարման մոդելի այլընտրանքային մոտեցումներ կկրեն: Կստեղծվի կինոարտադրող ընկերությունների տնօրենների խորհուրդ, որի ղեկավարմամբ, ինչպես նաև ֆինանսատնտեսական հարցերի տնօրինությամբ կզբաղվի համապատասխան ընտրված մասնագետը:
