Կզեկուցեն վարչապետին. «Բաստուրման խանութներում 50%-ով թանկ է վաճառվում»
Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր Հայելի ակումբում տեղեկացրեց, որ ընդեղենի գների աճը բավականաչափ բարձր տեմպեր է հավաքել, իբրև թե Լարսի ճանապարհը փակ է եղել. «Բայց մենք դրանից հետո էլ կատարեցինք ուսումնասիրություն, ոչ մի փոփոխություն չկար։ Եթե ընկույզը, պնդուկը դրա հետ է կապված, բայց չէ՞ որ՝ դեղձը, ծիրանը մերն են։ Դրանց հետ կապված էլ ասում են՝ էս տարի քիչ է եղել»։ Նրա խոսքով՝ չնչին՝ մոտ 300-500 դրամով թանկացել է մսամթերքը, երշիկեղենն ընդհանրապես չի թանկացել, բացառությամբ՝ բաստուրմայի. «Պատրաստվում ենք վարչապետին զեկուցել այդ մասին։ Պատկերացնու՞մ եք՝ խանութները արտադրողից գնում են բաստուրման ինքնարժեքից մի քիչ բարձր և 50 տոկոս թանկ դնում վաճառքի»,-նշեց բանախոսը: Հարցին, թե՝ վարչապետը հանձնարարել էր հատկապես նոր տարվա շեմին վերահսկողության տակ պահել գների աճը, հայտարարությունն է զսպել, որ գների շատ մեծ աճ չլինի՝ պատասխանեց. «Չգիտեմ՝ հայտարարությո՞ւնն է զսպել, թե՞ մարդիկ փող չունեն, առևտուր չեն կարողանում անել»։ Ըստ նրա սպառողների գնողունակության նվազման պատճառով է, որ թանկացումներ գրեթե չկան այս տարի։
