Քաղաքականության մեջ երբեք մի ասա՝ երբեք. Աղվան Վարդանյանը դաշինք կազմելու մասին
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ այս պահի դրությամբ դաշինքի հարց չի քննարկվում:«99 տոկոսով ՀՅԴ-ն ընտրությունների կգնա առանձին, սակայն քաղաքականության մեջ երբեք մի ասա՝ երբեք»,- ասաց նա: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում արդեն կազմված դաշինքներին, որոնցից է «Ելք»-ը, որը միավորում է «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցությունները: Աղվան Վարդանյանը նշեց, որ խորհրդարանական կառավարման համակարգում այն քաղաքական ուժերը, որոնք տեղ կգտնեն խորհրդարանում, հնարավորություն կունենան զարգանալու, աճելու, ընդլայնվելու ու ազդեցություն ունենալու, իսկ որոնք տեղ չեն գտնի խորհրդարանում, կփորձեն միավորվել, դաշինքներ կազմել:«Մենք իշխանություն ենք, թե ոչ, կապ չունի, մենք գիտակցում ենք, որ առանց ընդդիմության մեծ ներկայության, բալանսի ու հակազդեցության, հնարավոր չէ երկիրը զարգացնել: Այնպես որ, ողջունում ու բարի ճանապարհ ենք մաղթում դաշինքներին»։
