Որևէ մեկը երկրիս նման տոնով և տերմիններով որակավորի, նույն պատասխանը կստանա
Վաստակավոր արտիստ, ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը, որը 2012-ից ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձավ, որևէ դաս չի քաղել այն աղմուկից, որը բարձրացավ իր շուրջ Ֆեյսբուքում մի աղջկա՝ Գայանե Շահինյանին «լակոտ» անվանելուց հետո։ Նա նաև սպառնացել էր աղջկան՝ «աչքերդ կհանեմ»։ Պատճառը երիտասարդ աղջկա «հանդգնությունն էր»՝ ՖԲ մի գրառման ներքո հրապարակային քննադատելու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Շուշան Պետրոսյանը, որքան էլ նրան քարկոծեցին ու քննադատեցին այդ պահվածքի համար, շարունակում է պնդել նույնը, որ ով էլ իր երկրի պաշտպանության նախարարի ու բանակի հասցեին նման կերպ արտահայտվի, իր կողմից պատասխանը նույնն է լինելու, դեռ մի բան էլ ավելի վատ։. Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է Շ. Պետրոսյանի հետ։ Դիտարկմանը՝ շատերն ափսոսանք հայտնեցին, որ Ձեզ ծափահարում էին որպես երգչուհի, բայց ցավում են, որ այդ երգչուհին նաև քննադատությունների է արժանանում իր պահվածքի, բառապաշարի համար, պատասխանել է. «Պահվածքը ո՞րն է, ի՞նչ է նշանակում՝ բառապաշար։ Ինձ ցույց տվեք մեկին, որը չի օգտագործել այդ բառերը։ Ձեզ համար սահմռկեցուցիչ բառե՞ր են դրանք»։ Բայց ոչ ի պաշտոնե պատգամավորի կողմից. «Ի պաշտոնե պատգամավորն առաքյա՞լ է... աշխատանք է, պատգամավոր լինելն աշխատանք է, մի՛ ամպագոռգոռ բառեր ասեք, պատգամավորներ կան, որոնք հայհոյել են, մի բան, որ ես ինձ երբևէ թույլ չեմ տա»։ Դե, շատ քիչ է տարբերությունը մեկին «լակոտ» անվանելու և հայհոյելու միջև, հատկապես, երբ դա ասողը կին է. «Շատ քի՞չ է․․․ չեմ կարծում, թե քիչ է․․․ Մեկ անգամ և վերջին անգամ՝ որևէ մեկը երկրիս նման տոնով և տերմիններով որակավորի, նույն պատասխանը կստանա»։
