Հրաչյա Հարությունյանին սպառնացել են, որ կմորթեն. ինչ են պատմում հարազատները
Հրաչյա Հարությունյանի ընտանիքը լրատվամիջոցներից է տեղեկացել, որ նրան Հայաստան արտահանձնելու գործընթացի հետ կապված խոչընդոտներ են ծագել։ Նշենք, որ այդ մասին օրերս հայտարարել է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ իր տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ՝ հայտնելով, որ նրա դեմ քաղաքացիական հայցեր կան, և կոնվենցիոն հիմքերի տեսանկյունից դա դիտարկվում է որպես Հրաչյա Հարությունյանին արտահանձնելու խոչընդոտ։ Այս կապակցությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Հրաչյա Հարությունյանի կնոջ հոր՝ Վիկտոր Մարտիրոսյանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ իրենց համար դա ևս անակնկալ էր, քանի որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն՝ մինչև այս տարվա ավարտը Հրաչյա Հարությունյանը պետք է լիներ Հայաստանում և այստեղ շարունակեր կրել իր պատիժը։ Այս կապակցությամբ նրանք փորձել են տեղեկատվություն ստանալ հենց Արփինե Հովհաննիսյանից, սակայն աշխատակիցը պատասխանել է, որ նա տեղում չէ։ «Ստիպված զրուցեցի նրա մամուլի խոսնակի հետ, ով ասաց, թե մենք ամեն ինչ անում ենք, բայց Ռուսաստանն իր պայմաններն է առաջ քաշում, որ երկրորդ անգամ պետք է դատ լինի, քանի որ վթարի հետևանքով մահացածների ընտանիքի անդամները նրա դեմ քաղհայցեր են ներկայացրել՝ պահանջելով գումարային փոխհատուցում, որ Հրաչյա Հարությունյանը պետք է հատուցի։ Ես այդ աղջկան հարցնում եմ, ասում եմ, թե Հրաչը ո՞րտեղից պիտի հատուցի, որտեղից նրան գումար, որ վճարի, եթե նա գումար ունենար, ապա ինչու էր գնում Ռուսաստան աշխատելու՝ իր երեխայի գերեզմանը սարքելու համար, հենա չէր գնա ու այդ փորձանքն էլ մեր ընտանիքի գլխին չէր գա։ Ես իրանց ասեցի, որ դուք, ուրեմն պետություն չեք, եթե պետություն լինեիք, ապա Արցախի հերոս Հրաչյա Հարությունյանը շատ վաղուց կլիներ Հայաստանում։ Էդ աղջիկը ինձ ասում է ՝ դե մենք ինչ անենք, մենք ոչ մի բան չենք կարող անել, ես էլ պատասխանեցի, որ դուք ոչ աշխատող եք, ոչ էլ պետություն, ձեր քաղաքացիներին մրջյուն եք սարքել ու տրորում եք։ Այսինքն սրանք վախկոտի նման նրանց ասած ամեն մի բառը կատարու են։ Ադրբեջանը հանցագործ Ռամիլ Սաֆարովին երկու միլիարդ դոլար տվեց, բերեց հերոսացրեց, որ էնի կացինով մարդ էր սպանել , բայց Հրաչյա Հարությունյանը հո էդպես չի արել, չէ որ դժբախտ դեպք է տեղի ունեցել, ցանկացած մարդու հետ էլ դա կարող էր լինել»,-վրդովված նշեց Վիկտոր Մարտիրոսյանը։ Վերջինս նաև տեղեկացրեց, որ ռուսական բանտում, որտեղ այժմ գտնվում է Հրաչյա Հարությունյանը նրա նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերվում։ Վիկտոր Մարտիրոսյանի բառերով՝ նրան 10-15 օրով տանում են գցում մի մութ ու խոնավ խուց, այդպիսով նրան պատժում են այն բանի համար, որ Հրաչյան ունի առողջական խնդիրներ ու չի կարողանում նորմալ տեղաշարժվել։
